Վերլուծություն

Դիվանագիտությունը բիզնեսի վերածած մարդիկ պաշտոնանկությունից հետո են հիշում Արցախը

ԱԺ-ի ընդդիմության բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցների թվում են նաև ՀՀ ԱԳՆ մի խումբ նախկին պաշտոնյաներ, որոնք շաբաթներ առաջ մի խումբ հայտնի անձանց հետ հայտարարություն-մանիֆեստ էին տարածել՝ «Արցախի ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» ճչացող, պաթոսային ու «ֆիդայական» վերնագրով։ Իհարկե, այդ մանիֆեստը միանգամից քննադատության արժանացավ, և, ինչպես նշել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «նրանում կա ամեն ինչ, բացի՝ քաղաքական մտքից»։ Բայց մի կողմ թողնենք այդ մանիֆեստը և փորձենք հասկանալ՝ ովքե՞ր են այս օրերին ակտիվորեն մասնակցում ընդդիմության հավաքներին։

Եվ, այսպես, ոչ միայն Ֆրանսիայի հրապարակում, այլև վերջերս մամուլում հաճախ է հանդիպում մի քանի ամիս ՀՀ ԱԳ նախարար աշխատած Արա Այվազյանը. մարդ, ում ԱԽ քարտուղարը մեղադրեց գերիների վերադարձի հարցը տորպեդահարելու մեջ. «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց»։ Իհարկե, Այվազյանը փորձեց ինչ-որ կերպ արդարանալ, բայց՝ շատ անհամոզիչ։ Ավելին, Այվազյանը ետին թվով փորձեց անգամ բացատրել, որ «ազգային» շահերով պայմանավորված է ազատման դիմում գրել՝ մոռանալով, որ պաշտոնաթողությունից հետո այդպես էլ հանրությանը չբացատրեց, թե ինչով էին իշխանությունները ոտնահարում այդ «ազգայն շահերը»։

Վերջերս բավականին ակտիվացել է ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-ից մինչև 2020թ. նոյեմբերի 17-ը։ Իսկ հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ Քոչարյանը պաշտոնավարման ընթացքում անհամաձայնություն հայտնած լինի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Անգամ փակ դռների ետևում էր պարոն Քոչարյանը լուռ և հարմարվող՝ լռելյայն համաձայնելով կայացված որոշումներին։ Իսկ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո, երբ իշխանությունն ու պետությունը ցայտնոտի մեջ էին, նա արագ ճողոպրեց։

Իսկ հիշու՞մ եք 2013-ի օգոստոսին՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից երկու շաբաթ առաջ, ինչպես էր Քոչարյանը մանրամասն հիմնավորում, թե ինչու Հայաստանին ձեռնտու չէ անդամակցել Մաքսային միությանը, բայց հետո արդեն աջուձախ խոսում էր ԵԱՏՄ անդամակցությունից ստացած օգուտների մասին։ Սա, թերևս, այն ամենն է, ինչ պետք է իմանալ Քոչարյանի պրոֆեսիոնալիզմի ու արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումների մասին։

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի մասին հրապարակային դաշտում քիչ ինֆորմացիա կա։ Նրա մասին ավելի շատ խոսում են ԱԳՆ աշխատակիցները՝ բնութագրելով որպես կոնֆլիկտային անձնավորություն, որ «վերևից է նայում» ենթականերին։

Բացի այդ՝ նախորդ տարի կայքերից մեկը գրել էր, թե իրավապահները Վահագն Մելիքյանի դեմ նյութեր են նախապատրաստում, քանի որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին։ Մելիքյանը 2015-2018թթ. եղել է ՀՀ Սփյուռքի փոխնախարար և Հրանուշ Հակոբյանի առաջնորդությամբ պրոֆեսիոնալ մակարդակի հասցրել Հայաստանի ու Սփյուռքի համագործակցությունը։ Նկատի ունենալով Սփյուռքի մեր հայրենակիցների հետևողական օտարումը Հայաստան պետությունից, սուտ «տիեզերագնացներ» բերելու ու նախարարի հետ «բացառիկ» հանդիպումներ կազմակերպելու՝ այդ նախարարության գործելակերպը, կարելի է գաղափար կազմել Մելիքյանի «պրոֆեսիոնալ» դիվանագիտությունից։

ԱԳՆ մեկ այլ նախկին փոխնախարար՝ Ավետ Ադոնցը, ևս ակտիվ է վերջերս. մարդ, որը Քոչարյանի իշխանության օրոք նախագահականից (այն ժամանակ նա ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետն էր) ԲՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր, անգամ մի կարճ ժամանակ գլխավորում էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Հետո Բելգիայում դեսպան նշանակվեց, ապա՝ Իսպանիայում։ 2019թ., Զոհրաբ Մնացականյանի անձնական շրջապատի ձևավորման շրջանակներում, նա նշանակվեց ՀՀ ԱԳ փոխնախարար՝ պաշտոնավարելով մինչև 2021թ հունիս և հեռանալով Հայաստանի՝ արտաքին քաղաքական միջավայրի տեսանկյունից ամենավտանգավոր մի պահի, երբ 3 փոխնախարարներով սաբոտաժի ենթարկեցին արտաքին հարաբերությունները։ Մամուլը ժամանակին Ադոնցի մասին գրել է, որ դեսպան աշխատած տարիներին, իր բուն գործառույթներից բացի, այդ երկրներում զբաղվել է՝ ինչով ցանկացել է։ Մասնավորապես, առաջ է տարել իր բիզնես շահերը։ Հատկապես ակտիվ է եղել ադամանդի բիզնեսում։ Ըստ հրապարակումների՝ Բելգիայի հատուկ ծառայություններից անգամ հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolex»-ներ և 30-50 հազար եվրո արժողությամբ ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան:

Այնպես որ, դիվանագիտությունը՝ բիզնեսի, ԱԳՆ-ն՝ տուրիստական գործակալության վերածած անձինք այսօր փորձում են հայրենիք փրկել։ Այն հայրենիքը, որի հետ իրենք վարվել են, ինչպես ցանկացել են։ Երբ մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, բայց ձեռքի հետ՝ դիվանագիտությամբ, չեն կարող արժանահավատ խոսք ասել կամ քաղաքականություն մշակելու առաջարկներ անել։ Առավել ևս այն պարագայում, երբ ՀՀ ԱԳՆ համակարգը իրենց նեղ անձնական շահերի համար դարձրել էին «տուրիստական գործակալություն», և արտերկրյա ուղևորություններն ու նշանակումները ծառայեցնում էին սեփական բիզնեսի բարգավաճմանը՝ մեկ-մեկ Ցեղասպանության դատապարտման թեմայով թուրքական ժանգոտած յաթաղանով միջոցառումներ անցկացնեով։ Եվ անգամ մարդիկ կան, որ այսպիսի դիվանագիտական «փորձառությունը» որպես օրինակ են բերում ու կոչ անում այլոց՝ լռել և լսել միայն այդ «դիվանագետներին»։