Վերլուծություն

Տիեզերական արբանյակը՝ պատերազմից հետո Հայաստանի կարևոր ձեռքբերում

Այսօր ՀՀ վարչապետը կառավարության նիստին հայտարարեց. «2022թ. մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերել հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»: Առաջին արբանյակը նշանավորում է ՀՀ տիեզերական ծրագրի մեկնարկը։

Չափազանցություն չի լինի ասելը, որ, շարունակականության դեպքում, Հայաստանի այս տիեզերական ծրագիրը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական ենթակառուցվածքների զարգացման վրա։ Աշխարհը վաղուց է օգտագործում ուղեծրային արբանյակների տված հնարավորությունները՝ հետախուզության, սահմանների ու բնագծերի 24/7 վերահսկման, հրթիռային զորքերի, հրետանու ու օդուժի հարվածների արդյունավետ կառավարման, գաղտնի՝ փակ կապի միջոցների օգտագործման և բազմաթիվ այլ անվտանգային հարցերի լուծման համար։

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չուներ սեփական արբանյակ ու արբանյակային հետախուզություն։ Փոխարենը, Հայաստանն ամբողջությամբ և միակողմանիորեն կախված էր ռազմավարական դաշնակցի տված կամ չտված, ժամանակին կամ ուշացած արբանյակային լուսանկարներից։ Դա մեծ ազդեցություն ունեցավ թե՛ պատերազմի ելքի, թե՛ պատերազմի ընթացքում Հայաստանի կրած կորուստների ծավալի վրա։ Սեփական տիեզերական ծրագրի հետագա զարգացումը հնարավորություններ է ստեղծելու՝ ապագայում բացառելու նման կախվածությունն ու խնդիրները։ Իհարկե, մեկ արբանյակը դեռևս շատ քիչ է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների ահռելի ծավալը լուծելու համար, բայց առաջին քայլը հաճախ ամենաբարդն է։

Տիեզերական ծրագիրը չի սկսվում և ավարտվում միայն անվտանգության ոլորտում։ Ուղեծրային արբանյակներն ապահովում են քաղաքացիական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումը, համացանցի պահեստային անխափան ալիքները, կադաստրային, ջրային ռեսուրսների, քաղաքացիական ավիացիայի և բազմաթիվ այլ ուղղությունների արդյունավետ կառավարումը։ Կարճ ասած՝ ժամանակակից քաղաքացիական ու ռազմական ենթակառուցվածքները կառավարվում են հենց ուղեծրային արբանյակների միջոցով։ Հայաստանի համար սա, անշուշտ, ուշացած քայլ է և 20 տարիներին բոլոր ոլորտներում բացթողման ևս մեկ վկայությունը։

Ուշագրավ է միաժամանակ փաստը, որ Հայաստանի առաջին ուղեծրային արբանյակը տիեզերք է հասցվել ամերիկյան ընկերության կողմից, այլ ոչ թե Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից։ Սա հավելյալ վկայությունն է նրա, որ աստիճանաբար, բայց գործնականում ստեղծվում է Արևմուտքի հետ աշխատանքի ընդլայնվող ճակատ։ Ամենայն զգուշությամբ պետք է նշել, որ այս համագործակցային ճակատի հետզհետե մեծացումը կարող է (քիչ հավանական, բայց հնարավոր է) բովանդակային փոփոխություններ բերել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում ու հեռացնել Հայաստանից միութենական պետության ուրվականը։

Մեկ արբանյակը դեռևս տիեզերական ծրագիր չէ։ Տիեզերական ծրագիրն էլ Հայաստանի բոլոր խնդիրների պանացեան չէ։ Բայց այսօր Հայաստանը գրանցել է կարևոր ձեռքբերում, գուցե՝ առաջին կարևոր ձեռքբերումը պատերազմից ի վեր։