Որտեղ է սկսվում և որտեղ՝ ավարտվում Հայաստանը։ Այս պարզագույն հարցը հայ իրականության մեջ ունի տասնյակից ավել պատասխան՝ կախված ճաշակից, «պատմական հողերի» և «պատմական արդարության» մասին յուրօրինակ պատկերացումներից, բնակվելու վայրից և այլն։ Տարբերակներից մի քանիսն անգամ կարելի է թվարկել՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կիլիկյան Հայաստան, վիլսոնյան Հայաստան, Մեծ Հայք/Փոքր Հայք, Կուր-Արաքսյան հանրապետություն, Հայաստան-Արցախ-յոթ շրջաններ, Հայաստան-Արցախ-Սփյուռք, Գլենդեյլի Արցախի փողոց, Աբովյանի «Շուշի» և «Հադրութ» թաղամասեր և այդպես շարունակ։ Ընդ որում, ինչքան ավելի հեռու է հայը բնավում Հայաստանից կամ ինչքան ավելի թույլ է նրա օրգանական կապը Հայաստանի հետ, ինչքան ավելի քիչ է նրա ու իր ընտանիքի անդամների հնարավոր «ներդրումը» այդ հայրենիքը ուժով ու քրտինքով պաշտպանելու գործում, այնքան ավելի մեծ է «Հայաստանի»՝ նրա քարտեզը։ Այս բոլոր հայաստաններին սակայն միավորում է միայն մեկ բան։ Դրանք բոլորը վիրտուալ են (որոշներն, անգամ, երբեք իրական չեն եղել)։ Անիրական կամ պատմական հայրենիքը սիրելու ու դրա համար միայն խոսքի մակարդակում «կռիվ» տալու հոգեբարդույթի մասին Վանո Սիրադեղյանը լավագույնս է արտահայտվել. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում, տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ»:
44-օրյա պատերազմից հետո, ցավոք, այլևս անիրական ու պատմական հայաստանների շարքը համալրվել է։ Այլևս գոյություն չունի ՀՀ+Արցախ+7 շրջանների Հայաստանը։ Եվ այս իրականությունը, անշուշտ, դաժան է, բայց դաժան իրողություններն ընդունել հրաժարվող հասարակություններին վիճակված են ավելի մեծ փորձություններ։ Իսկ մեր հասարակությունը, փոխանակ նոր իրականության հետ առերեսվելու և լուծումներ ու կայունացում բերելու, խցանվել է վշտի հերքման փուլում։ Ավելին, փորձ անգամ չի արվում ռացիոնալիզացնել մեզ հետ տեղի ունեցածը, կատարել ինքնաանդրադարձ վերլուծություն ու գնալ շրջադարձային փոփոխությունների։ Դրա փոխարեն կա համեմատական կոնսենսուս՝ ամեն ինչ շարունակել նույն կերպ, ընդ որում՝ առաջիններից մինչև վերջիններ, համակարգերից մինչև անհատներ։ Նույն կերպ շարունակելու պարագայում չի կարող լինել այլ արդյունք, քան եղածը, սա աքսիոմ է։ Կա՞ արդյոք դեռևս այդքան կամք ու փոխվելու այդքան կարողություն հայ իրականության մեջ. սա է հարցերի հարցը։
«Պատմական հայրենիքի» հականիշը իրական հայրենիքն է։ Իրական հայրենիքը պահանջում է իրական աշխատանք, իրական հարկեր, իրական ծառայություն։ Իրական հայրենիքից չի կարելի երես թեքել, եթե այն փոքրացել է տարածքով և նվազել ուժով, կամ ծառայել դրան՝ ըստ տրամադրության ու նպատակահարմարության։ Պատմական հայրենիքին առավել չէ, քան իրական հայրենիքը, Շուշին առավել չէ, քան Գյումրին, Հադրութն առավել չէ, քան Չարենցավանը։ Ճիշտ այնպես, ինչպես չէինք գիտակցում ու գնահատում, որ Մուշն առավել գերակա չէր Շուշիից, Սասունը՝ Հադրութից, Սուրմալուն էլ՝ Քարվաճառից։ Շուշին ու Հադրութն առավել չեն, քանի որ Գյումրին ու Չարենցավանը դեռևս իրական են։ Իրական են ու աղբի մեջ կորած, իրական են ու առանց ճանապարհների, իրական են ու չքավորության մեջ, իրական են ու չսիրված։ Որովհետև Գյումրին ու Չարենցավանը սիրելու համար աշխատանք է պետք կատարել, ջանք թափել, աշխատացնել ու լարել ներազգային ներուժը, իսկ Շուշիի նկատմամբ սերն, առավել ևս՝ սփյուռքի հեռուներից, պլատոնական է, ոչինչ չպարտադրող և անցյալի մեջ խորտակող։
Հայաստանի սահմանները չպետք է այլևս կապ ունենան «պատմական արդարության» կամ «պատմական հայրենիքի» մասին ինֆանտիլ պատկերացումների հետ։ Այդ սահմանները պետք է լինեն՝ մինչև վերջին սանտիմետրը հստակ։ Այդ սահմանները պետք է դեմարկացված ու դելիմիտացված լինեն Հայաստանի բոլոր հարևանների հետ։ Պետք է հստակ արձանագրել, որ դա անհրաժեշտ է հենց Հայաստանին, ինչպես տարածաշրջանային խաղաղությունն ու տնտեսական ապաշրջափակումն են անհրաժեշտ հենց Հայաստանին։ Առանց այս ամենի՝ մենք դատապարտում ենք սեփական երկիրը դանդաղ մահվան, ու մեր աշխարհաքաղաքական հակառակորդներին ոչինչ պետք չի լինելու դրա համար անել. պարզապես շարունակել չխանգարել մեզ այդ գործում։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ է կայունություն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակեցնել իր արժեքային համակարգը։ Ո՞րն է Հայաստանի հանրության գերագույն արժեքը՝ պետականությո՞ւնը, թե՞ Հայ դատը, իրակա՞ն, թե՞ երևակայական հայրենիքը, եղածը պահե՞լը, թե՞ անիրականի հետևից ընկնելով՝ եղածն էլ կորցնելը։
Արեգ Քոչինյան