Վերլուծություն

Ընդդիմությունը պարտվում է քաղաքացուն, երբ վերակենդանացնում է անցյալը

Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ հրապարակի ընդդիմությունը շարունակում է իշխանափոխությանը միտված քաղաքական ակցիաները Երևանի փողոցներում։ Հատկանշական է, որ ընդդիմության ելույթներին, տեքստերին ծանոթացող անտեղյակ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դրանք պատկանում են «մաքուր» քաղաքական անցյալ ունեցող ուժերին։ Այդուհանդերձ, այդ տեքստերը պատկանում են մի ընդդիմությանը, որը, հավաքական առումով, իշխանության ղեկին է եղել շուրջ 20 տարի։ Քաղաքագիտական պարզ իրողությամբ՝ անվտանգային և Արցախին վերաբերող քննադատական այդ տեքստերը պետք է հնչեին քաղաքական ուժերի շուրթերից, որոնք նախկինում որևէ էական ազդեցություն չեն ունեցել նշված ոլորտների քաղաքականության վրա, և իրենց առաջադրած լուծումները կարող էին հանգեցնել այլ արդյունքների։

Ներկայումս այդ ուժերը ակցիաների ընթացքում շարունակաբար կոչ են անում հանրությանը՝ միանալ իրենց՝ «հանուն Հայաստանի և Արցախի»։ Այնուամենայնիվ, հանրությունը չի միանում ակցիաներին, և անհրաժեշտ կոնսոլիդացիա չի ապահովվում։ Չի ապահովվում՝ ի հեճուկս ընդդիմության առաջնորդների վստահեցումների, որ իրենց շարքերը օր-օրի ստվարանում են:

Խնդիրն այստեղ դիտարկելի է մի քանի ասպեկտով: Նախ, գաղափարական այն աստառը, որն ընտրել է ընդդիմությունը, ժամանակավրեպ է: Ընդ որում, խոսքը վերաբերում է ակցիաներին ուղեկցող սիմվոլիկային: Ակցիաների երաժշտական երանգավորումը հայդուկային-հայրենասիրական երգերով ապահովելը, թերևս, ուղղված է լսարանի զգայական թիրախավորմանը: Գաղափարական հենք է ընտրվել Հայաստանի և Արցախի փրկությունը: Հանրության անտարբերությունը՝ գոնե այս ոլորտում, խնդիրների հստակ ձևակերպման բացակայության հետևանքն է: Մարդկանց պարզ չէ՝ ի՞նչ է ուզում ընդդիմությունը և ինչպե՞ս: «Փրկությունը» անձև ձևակերպում է: Փրկել՝ ումի՞ց, ինչպե՞ս: Ճիշտ է, ՀՀ-ն Արցախի հարցում դեռևս բանակցող է, սակայն ներկայումս վերջինիս անվտանգության առարկայական երաշխավորողը ՌԴ-ն է: Եվ հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի հարցում գործնական քայլեր կատարելը վերապահված է Մոսկվային: Եվ եթե ընդդիմության առաջնորդները ասում են, որ իշխանության գալուց հետո էլ իրենք չեն հրաժարվելու Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռքբերված պայմանավորվածություններից, օրինակ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա հասարակ մարդու համար տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ է նշանակում՝ փրկել Արցախը:

Յուրաքանչյուր ներքաղաքական շարժման համար հիմնաքարային նշանակություն ունի սոցիալական բաղադրիչը: Ընդդիմության ներկայիս ակցիաների հենքում սոցիալական բաղադրիչի առկայությունը տեսանելի չէ: Սոցիալական բաղադրիչի կարևորությունը, միգուցե, թերագնահատվել է ընդդիմության կողմից: Երևի թե՝ պայմանավորված նրանով, որ, հայդուկային երգերի տրամադրութունից և Արցախը փրկելու վերացական մղումներից զատ, սոցիալական բաղադրիչի առաջարկը հասարակ քաղաքացուն պետք է ներկայացվի կոնկրետ և առարկայական: Իսկ առարկայական տեսական և գործնական առաջարկները, կոնկրետացումները ընդդիմության պայքարում բացակայում են: Ավելին, ընդդիմությունն ինքն է համարվում հակասոցիալական սիմբիոզ՝ որպես միլիոնատերերի ամբողջություն, որոնք իրենց իշխանության ժամանակ ամեն կերպ նպաստել են հասարակության սոցիալական բևեռացմանը և, ի հաշիվ պետության, լուծել սեփական բարեկեցության հարցերը։

Հասարակական անտարբերությունը պայմանավորված է մեկ այլ կարևոր հանգամանքով: Ընդդիմության ակցիաների ընթացքում երևան են գալիս նախկին իշխանության օդիոզ դեմքեր, որոնք ասոցացվում են անցյալ իշխանության հոռի բարքերի, սոցիալական անհավասարության, ծայրահեղ շերտավորման իրողությունների հետ: Վերջին օրերին սոցցանցի իր էջում ընդդիմության ակցիաներին միանալու կոչով է հանդես եկել, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. նրա որդիներն էլ են հրապարակում կանգնում և փողոց փակում։ Խաչատրյանի ղեկավարման ժամանակահատվածը ամուր մտապահած սյունեցիները, թերևս, լավ են հիշում նրա ավատատիրական իշխանավարումը: Սա, սակայն, սոսկ մեկն է բազմաթիվ օրինակներից: Հասարակական լայն կոնսոլիդացիան տեղի է ունենում սոցիալական նույնականացման միջոցով, երբ սոցիալ-մասնագիտական խմբերի միջև հասարակական դիրքի ու ունեցվածքի անդունդ առկա չէ: Ընդդիմության ակցիաների հիմնական կորիզը նախկին իշխանության օրոք հասարակական բարձր դիրք և բարեկեցիկ կենսակերպ ապահոված զանգվածն է, որոնց հետ շարքային քաղաքացին չի ինքնանույնականացվում:

Ընդդիմության առաջնորդների պնդած՝ «օրեցօր իրենց շարքերին լայն զանգվածների միանալու» և իրականության միջև խզումը ակներև դարձավ հանրապետության երկու խոշորագույն քաղաքներ՝ Վանաձոր և Գյումրի կատարված ավտոերթերի ընթացքում: Անզեն աչքով նկատելի էր, որ երկու քաղաքներում էլ հանրահավաքների մարդկային հիմնական զանգվածը մայրաքաղաքից մեկնած ավտոերթի մասնակիցներն էին: Դրան հավելենք դեպի այդ բնակավայրեր ավտոերթի ընթացքում մասնակիցների և բնակիչների միջև լարված միջադեպերը: Ընդհանրապես, ընդդիմության ակցիաների ընթացքում կարմիր թելով շարունակաբար անցնում է մեկ հիմնական հատկանիշ՝ անհանդուրժողականությունը այլակարծության նկատմամբ և բռնության կիրառումը: Մարզերում բախումները քաղաքացիների հետ, Արմեն Մարտիրոսյանի և Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնության դեպքերը գալիս են լրացնելու անհանդուրժողականության հիմնապատկերի ամբողջականությունը:

Միով բանիվ, ընդդիմության ակցիաները հանդես են գալիս որպես պայքար իրականության և ներկայի դեմ՝ անցյալի ուրվականը վերակենդանացնելու նպատակամղումով: Հանրային հավաքական գիտակցության մեջ անցյալի և ներկայի պայքարում անցյալն աներկբայորեն պարտվում է: Ներկային պարտվում է սոցիալական անհավասարությունը և անարդարությունը, հասարակության խորը շերտավորումը աղքատների և ունևորների միջև, քրեական գործերով ու սպանություններով այլակարծության լռեցումը, հանրային-պետական ռեսուրսները իշխանական վերին օղակներում գտնվողների և դրանց մերձավոր շրջապատի ձեռքում կենտրոնացնելը, Արցախի հարցում մանիպուլյացիաներն ու մեծ սուտը, և այդ ամենը սեփական իշխանության վերարտադրմանը ծառայեցնելը:

Արտակ Խաչատրյան