Վերլուծություն

Հայաստանին մտցնում են փակուղի ու, Արցախը փրկելու անվան տակ, ոչնչացնում այն

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի քաղաքական դաշտը, ձևականորեն զբաղված լինելով արցախյան հիմնահարցով, իրականում, բովանդակային առումով, մոռացության է մատնել Արցախն ու արցախյան հիմնահարցը։ Մինչդեռ, այսօր Հայաստանը ունի միայն մեկ ահագնացող խնդիր՝ արցախյան հիմնահարցը։ Բոլոր մյուս հարցերը այսպես, թե այնպես կապված են այս հիմնահարցի հետ, ու չզբաղվել դրանով՝ նույնական է ոչինչ չանելուն։

Անպտուղ քննարկումները, մեղավորների փնտրտուքը, հրապարակներում ու պողոտաներում դրոշակային ֆիեստաները, փողոցներ փակելը, «Արցախի մասին լինելով», հնարավորություն չեն թողնում Հայաստանի առողջ քաղաքական ուժերին ու հանրությանը՝ զբաղվելու արցախյան հարցի շուրջ ստեղծված իրական և արդի խնդիրներով, դրանց լուծումների քննարկմամբ ու փնտրտուքով։ Արցախի շուրջ քննարկումը Հայաստանում պարալիզացվել է լոզունգային, պարզունակ մարկարդակում։ Իշխանություն-ընդդիմություն պայքարը, իր վրա սևեռելով հասարակության ողջ ուշադրությունը, ստերիլացրել է դրա հաղորդակցական դաշտը գոյություն ունեցող իրական խնդիրներից։

Նախ և առաջ, Հայաստանի քաղաքական ընտրանին ու հասարակությունը ունի խնդիր՝ առերեսվելու իրականության հետ։ Արցախի շուրջ ուժային հարաբերակցությունը այն չէ, ինչ՝ մինչև 44-օրյա պատերազմն էր, և, հետևաբար, չի կարող նույնը լինել Արցախի անվտանգային ճարտարապետությունը։ Իսկ ապագա կարգավորումը ու դրանում դրված լուծումները հիմնված են լինելու, բնականաբար, հենց ուժային հարաբերակցության ու անվտանգային ճարտարապետության վրա։  

Երկրորդ՝ Հայաստանի քաղաքական ընտրանին խնդիր ունի առերեսվելու Արցախին ու Հայաստանին դեռևս սպասվող և այլևս անխուսափելի իրողությունների հետ։ Այս իրողությունները, ստորագրված լինելով դեռևս նոյեմբերի 9-ի ու դրան հաջորդած փաստաթղթերով, մինչև վերջ չեն բացատրվել ու ընկալվել Հայաստանում։

Երրորդ՝ Հայաստանի քաղաքական ընտրանին ու հասարակությունը պետք է անեն մի շարք ընտրություններ, որոնք կանխորոշելու են մեր ապագան։ Խոսքն, առաջին հերթին, գնում է առաջնահերթությունների սահմանման մասին։ Ո՞րն է հայ ժողովրդի գերագույն արժեքը, և, հետևաբար, ինչի՞ սպասարկումն է առաջնահերթություն ու հիմնական նպատակ՝ պետականությունն ու դրա հարատևությո՞ւնը, թե՞, օրինակի համար, վրեժխնդրությունը, հողահավաքը (ռեկոնկիստան) ու հայդատը՝ հատկապես այն պարագայում, երբ դրանք մտնում են փոխբացառման փուլ։ Ինչպիսի՞ պետություն պետք է լինի Հայաստանը անվտանգային քաղաքականության քարտեզի վրա՝ ՀԱՊԿ անդա՞մ, ՆԱՏՕ անդա՞մ, չեզո՞ք, և այլն։ Այս ընտրությունները պետք է հիմնված լինեն ինչպես հայ ժողովրդի կողմից իրապես կրվող արժեքների, այնպես էլ՝ իրողությունների ու սառը հաշվարկի վրա։

Չորրորդ՝ Հայաստանի քաղաքական ընտրանին պետք է կարողանա հնարավորինս հստակ հաղորդակցվել հասարակության հետ ու տեղ հասցնել, թե ինչ պետք է արվի, ու ինչ՝ չարվի։ Սրա հաջողած օրինակներից է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, որտեղ առաջին նախագահը պարզ ու մատչելի լեզվով հասարակությանը հասցնում է ստեղծված իրավիճակում քաղաքական ցնցումների անթույլատրելիությունը և, ավելին, հեղափոխական փոփոխությունների անիմաստությունը։

Հայաստանը մի խումբ արկածախնդիր պատուհասների ու տարբեր ճամբարների ազդեցության գործակալների պատճառով չի կարող այս ծանրագույն վիճակում թողնել իրական խնդիրները և զբաղվել ներքաղաքական մուկն ու կատվով։ Նման խաղի շարունակությունը բազմապատկելու է մեր երկրին բաժին հասած փորձություններն ու խնդիրները։

Հարկավոր է արձանագրել, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն անլուծելի չէ։ Ընդհանրապես, անլուծելի խնդիրներ չեն լինում։ Սակայն այդ խնդիրները լուծելուց խուսափելը, պաթոսի ու հայրենասիրության ետևում թաքնվելը, կեղծ լուծումներ առաջ տանելը բերելու են մի քանի անգամ ավելի մեծ խնդիրների։ Իրավիճակի՝ թե՛ հետագա վատթարացումը, թե՛ կարգավորումն ամբողջությամբ կախված է Հայաստանի քաղաքական ընտրանուց ու հասարակությունից։ Հայաստանը դեռևս դատապարտված չէ՝ չնայած դրա գերեզմանափորների փութաջան ու հետևողական աշխատանքին։

Արեգ Քոչինյան