Վերլուծություն

Պայքար՝ հանուն «ծեծվելու»

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանի փողոցներում շարունակվում են խորհրդարանական ուժերի բողոքի ակցիաները՝ համեմված փողոցներ փակելով ու երթերով։ Անշուշտ, ակցիաների մասնակիցները բավականին տարողունակ անվանումներ են տվել իրենց գործողություններին՝ «Դիմադրության շարժում», «ազատագրական պայքար» և այլն, սակայն բուն գործողությունների ծավալը, մեղմ ասած, հեռու է այդ անվանումներից։ Թերևս, անցնող մեկ շաբաթը բավարար ժամանակահատված էր՝ հասկանալու համար, որ արմատական ընդդիմություն ներկայացող քաղաքական խումբը հերթական անգամ «ֆալշ ստարտ» է իրականացնում՝ մի շարք պատճառներով։

Նախ, շարունակական բողոքի գործողությունները, մեծ հաշվով, աչքի չեն ընկնում իրենց ինստիտուցիոնալությամբ և մասշտաբայնությամբ և, առավելագույնը, որոշ անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների ազատ տեղաշարժին և ոչ՝ ավելին։ Այլ կերպ ասած՝ այդ գործողությունների արդյունքում ակցիային չմասնակցող քաղաքացիները պարզապես ուշանում են գործից կամ երեխային դպրոց հասցնելուց։ Կարծում ենք՝ հարկ չկա նշել, որ այս արդյունքը բավարար չէ՝ երկրում իշխանափոխության հասնելու համար։ Բացի այս՝ տարատեսակ տեխնոլոգիաները կարող են արդյունավետ լինել միայն կոնկրետ տարածական, ժամանակային ու իրավիճակային պայմաններում, և, այս տեսանկյունից, 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների հայելային կրկնօրինակումը ինքնին ձախողման է դատապարտված։

Հաջորդը՝ բողոքի գործողությունները բազմամարդության տեսանկյունից չեն ունենում «ձնագնդու էֆեկտ», և նոր քաղաքացիներ ու խմբեր չեն միանում փողոցում գտնվող ուժերին, ինչպես, օրինակ, եղել է 2008-ին կամ 2018-ին։ Սա ամենակարևոր ցուցիչներից մեկն է, որը վկայում է փողոցում գտնվոող ուժերի՝ առնվազն ցածր վարկանիշի և հանրային աջակցության բացակայության մասին։ Այս կարևորը դրվագը, համոզված ենք, տեսնում են նաև փողոցում գտնվող ուժերը։ Սակայն հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ շարունակել ապարդյուն գործողությունները։

Այս հարցի պատասխանը բավական հետաքրքրական կարող է լինել նյարդերի պայքարի տեսանկյունից։ Ակնհայտ է, որ օր-օրի դիմակայությունը տեղափոխվում է նյարդերի դաշտ։ Անհանդուրժողականության վտանգավոր գերդոզավորումն արդեն իսկ նկատելի է մի քանի դրվագներում՝ հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ իրականացված սադրիչ բռնությունների տեսքով։ Հետզհետե գալիս ենք մի իրավիճակի, երբ Երևանի կենտրոնում քայլելը յուրաքանչյուրիս համար կարող է դառնալ վտանգավոր, եթե չենք կիսում փողոցում գտնվողների մոտեցումները։

Մյուս կողմից՝ փողոցում հնչող հայհոյանքների, վիրավորանքների ու պիտակավորումների շարունակական գեներացիան, կարծես թե, դարձել է փակուղում գտնվող փողոցային ընդդիմության միակ գործիքակազմը։ Այլ կերպ ասած՝ տպավորություն է, թե բողոքական խումբը խնդիր է դրել սադրել իրավապահ մարմիններին՝ դիմելու կտրուկ գործողությունների, որոնք կարող են բերել իշխանության վարկանիշի անկման և դիրքերի թուլացման։ Ինչ խոսք, ներկայումս իրավապահ համակարգի գործողությունները մեծ մասամբ մնում են օրենքի շրջանակում։ Գուցե որոշակի դրվագներում այդ գործողությունները համարժեք չեն, բայց դա որոշելու հավակնություններ մենք չունենք։  

Միևնույն ժամանակ, փողոցային ընդդիմության գործելաոճը առաջ է բերում նաև հասարակական դժգոհություն և ձևավորում է վերջիններիս նկատմամբ պետական ապարատից ակնկալվող կտրուկ գործողությունների պահանջ։ Մեծ հաշվով՝ սա նույնպես տեղավորվում է ընդդիմության՝ «ծեծված» լինելու բուռն ցանկության սահմաններում, սակայն իրավապահ համակարգը բավական իներտ է նաև այս տրամադրությունների նկատմամբ, ինչը դրական է։

Վերջապես, նշենք նաև, որ, թեկուզ փողոցում գտնվող ուժերը ներկայանում են որպես միասնական ընդդիմություն, սակայն առանձին-առանձին վերցրած՝ այդ խմբի տարբեր թևերից յուրաքանչյուրն ունի իր սցենարն ու սցենարիստը, ինչի հետևանքով լիովին սինխրոնացված չեն և չեն էլ կարող լինել Հանրապետական ակտիվի, Դաշնակցության, «ազգային» որոշ խմբերի և Քոչարյանին աջակցող ոչ դաշնակցական անհատների ու խմբերի գործողությունների տրամաբանությունները։ Ավելին, ընդդիմադիր ճամբարում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ՝ նկատի ունենալով, որ վերջիններիս միջև առկա են իրական, կենցաղային հակասություններ։ Ընդդիմությունն իր ներսը կարգի բերելու փոխարեն, փաստորեն, փորձում է Հայաստանում տարածել իր ներքին քաոսը։

Աղասի Մարգարյան