Ընդդիմության ակցիաների գաղափարական արտաքին աստառը Հայաստանի և Արցախի փրկությունն է։ Գաղափարական աստառի և իրական նպատակների աններդաշնակությունը ակնբախ է դառնում արված քայլերից և արվող առաջարկների վերաբերյալ նրանց արձագանքներից։
Այստեղ ուշագրավը պետականության նկատմամբ ընդդիմադիրների դիրքավորումն է։ Այսօր ընդդիմադրի կարգավիճակում են վերջին 20 տարիներին իշխանության եղած ուժերը։ Թվում է՝ այս հանգամանքը պետք է տրամաբանորեն բերեր նրան, որ ներկա ընդդիմությունը ընկալեր պետական շահը և իր գործողությունների գլխավոր մեկնակետ վերցներ հենց դա։ Իսկ այդպիսի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրվակ, կարծես թե, ստեղծված է։
Առիթը հինգշաբթի օրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած անդրադարձն էր Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց համատեքստում Երևանում տեղի ունեցող ակցիաներին։ Ներքաղաքական դաշտում տեքստերի և կարծիքների ծայրահեղ երկբևեռվածության պայմաններում առաջին նախագահի անդրադարձը, թերևս, գլխավոր այլընտրանքային ձայնն էր։ Տեր-Պետրոսյանի տեքստը, իհարկե, բազմաշերտ է և մի քանի ասպեկտներով ընկալվող։
Ըստ այդմ, նրա տեքստը որոշակիորեն միֆազերծող և մերկացնող ենթաշերտ էր պարունակում։ Այն միֆազերծում էր ընդդիմության գաղափարական աստառի արհեստականությունը, այն է՝ Հայաստանի և Արցախի փրկությունը։ Նախագահի տեքստի հստակ ուղերձը շարադրում է այն պարզագույն իրողությունը, ըստ որի՝ տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացներում կարևորվում և որոշումներ են կայացվում՝ ոչ թե անձերի նկատմամբ վերաբերմունքից, համակրանքից կամ հակակրանքից ելնելով, այլ քաղաքական շահերով և նպատակահարմարություններով։ Եվ ուրեմն, ընդդիմության դեկլարատիվ մշուշոտ վստահեցումները, որ իշխանության փոփոխությունները «փրկելու են» Հայաստանը և Արցախը, պարզապես էմոցիոնալ հողի վրա կատարվող թիրախավորումներ են։
Տեր-Պետրոսյանի տեքստի՝ առավել կարևոր ենթաշերտերից մեկը առկա իրավիճակից ելքի տարբերակի առաջարկն էր։ Նրա այս առաջարկը պարզապես առաջարկ չէ, այլ պետական շահի գերակայության գիտակցման կամ անտեսման քննություն։ Այն որոշ չափով համեմատելի է 2021թ. հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանի կատարած առաջարկության հետ, քանզի քաղաքական դաշտի սերնդափոխությունը ոչ պակաս կարևորություն ունի պետականության կայացման և ամրապնդման խնդրում։ Տեր-Պետրոսյանի՝ այն ժամանակվա առաջարկն այդպես էլ միս ու արյուն չստացավ՝ առավելագույնը ի ցույց դնելով, թե ինչպես են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետական շահը ստորադասում իրենց նեղ անձնական հավակնություններին։ Ըստ էության, այս առաջարկի իրական հասցեատերերը երկրորդ և երրորդ նախագահներն են։ Նրանց ղեկավարած քաղաքական ուժերն են պահանջում մեկ տարի առաջ ընտրություններով վարչապետի պաշտոնը ստանձնած Փաշինյանի հրաժարականը։ Սեփական կուսակցական ակտիվով և փոքրաթիվ կողմնակիցներով ակցիա իրականացնող ընդդիմությունը առավել ժխտողական կեցվածք է ընդունել երկխոսության որևէ հնարավորության նկատմամբ։ Ընդդիմադիրների նման կեցվածքի մեկ այլ բացատրությունն էլ նրանց քաղաքական անցյալի խորքերում է թաքնված։ Պակաս կարևոր չէ, որ այդ ուժերի ղեկավարները պետության ղեկին էին հայտնվել անարդար ընտրությունների արդյունքում։ Թերևս, վերջին ընտրություններն էլ ցուցադրեցին այն իրողությունը, որ, անգամ պատերազմի աղետից հետո, այդ ուժերը գոնե քաղաքական ընտրությունների արդյունքում իշխանության գլուխ գալու հնարավորությունից զուրկ են։ Խնդիրը փորձ է արվում լուծել ապաքաղաքական մեթոդներով։ Տեր-Պետրոսյանի առաջարկը ուղղված է ներքաղաքական դաշտը ապաքաղաքական գործողություններով լարել փորձողներին։ Առաջին նախագահի այս մոտեցմանը անուղղակիորեն հարել է վարչապետը՝ Ազգային ժողովում ցուցադրելով խոսելու և երկխոսելու պատրաստակամություն։
Կարո՞ղ է Տեր-Պետրոսյանի առաջարկը հանդիսանալ իրավիճակի լիցքաթափման ելք։ Ընդդիմության վարվելակերպը թույլ չի տալիս մեծ հույսեր կապել այդ առումով։ Նրանց առաջ քաշած օրակարգը, թեզերը, կարգախոսները և գործելակերպը ակներև են դարձնում նույնիսկ «սատանայի» հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ թքած ունենալով նրա վրա, թե ինչ աշխարհաքաղաքական վտանգավոր իրավիճակում է Հայաստանը։ Ինչ ընդունելության էլ արժանանա Տեր-Պետրոսյանի առաջարկը, նրա ծառայությունը անգնահատելի է՝ քաղաքական դաշտում ներկա դերակատարների իրական նպատակների և ձգտումների բացահայտման առումով։
Արտակ Խաչատրյան