Վերլուծություն

Ու՞ր են տանում ընդդիմության կածանները՝ հյուսիսից փչող քամու միջոցով

Երևանի կենտրոնում արդեն քանի օր շարունակ բողոքի ցույցեր կազմակերպող ընդդիմության գործիքակազմի և 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ կիրառված տեխնոլոգիաների նմանության վերաբերյալ խոսակցությունները բավական ակտիվ են շրջանառվում։ Ընդդիմադիրներն իրենք էլ չեն հերքում այդ իրողությունը։ Այս համատեքստում շրջանցվում է մի կարևոր փաստի արձանագրում՝ արտաքին դերակատարների ներգրավվածությունը ներհայաստանյան քաղաքական գործընթացներում։ Այդ հանգամանքն ամենևին էլ երկրորդային չի եղել ետխորհրդային տարածքի քաղաքական դաշտում, որոշ դեպքերում, անգամ, վճռորոշ։

2018թ. իրադարձությունների ժամանակ արտաքին որևէ դերակատարի հետագիծ առկա չէր։ Զանգվածային լրատվամիջոցներում ներհայաստանյան իրադարձությունների լուսաբանումները հիմնական գծերով չափավոր էին և ոչ միակողմանի։ Մինչդեռ այժմ ներքաղաքական իարդարձություններում արտաքին դերակատարների ներգրավվածության հարցը ամբողջովին լեգիտիմ է։

Լեգիտիմ է, եթե հաշվի առնենք ակցիաների ակնհայտ և ստվերային դերակատարների կողմնորոշումները, հետագիծը, ինչպես նաև նրանց ակցիաները լուսաբանող արտերկրյա լրատվամիջոցների աշխատելաոճը։ Միջազգային լրատվամիջոցները (Eurasianet,  Euronews, RFERL, Associated Press, Al Jazeera) հիմնականում տեղեկատվական բնույթի անդրադարձներ են կատարել Երևանում ընթացող բողոքի ակցիաներին: Պատկերը, սակայն, լիովին այլ է ռուսաստանյան լրատվադաշտում: Ի թիվս չոր տեղեկատվական անդրադարձի՝ որոշ լրատվամիջոցներ կողմնակալ կերպով են ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող ակցիաները։ Այդ լրատվամիջոցները ներկայացնում են գլխավորապես ընդդիմության տեսակետը՝ ներկայացնելով Արամ Վարդևանյանի, Սեյրան Օհանյանի, Տիգրան Աբրահամյանի, Աննա Գրիգորյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արթուր Ղազինյանի, Հայկ Մամիջանյանի խոսքերը: Իսկ Газета-ն իր հոդվածում ներկայացրել է միայն Անի անունով մի ընդդիմադրի՝ բավականին երկար և մանրամասն քննադատական խոսքը։

Այս ամենի պատկերը հասկանալի և առավել պարզ կդառնա, եթե մտովին վերադառնանք բողոքի ակցիաների մեկնակետ: Մոսկվայից վերադառնալուց հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց Ազատության հրապարակում ակցիա սկսելու մասին: Սույն ակցիաների սկզբի համար խորհրդանշական է այս գործչի կերպարով գործընթացի մեկնարկը: Վերջինս չի թաքցրել աշխարհաքաղաքական կողմնորոշումների կոնկրետ հասցեատիրոջը՝ «Крым наш» էմոցիոնալ դրսևորմամբ հանարհռչակված կուլմինացիոն խոստովանությամբ: Վլադիմիր Սոլովյովի ստուդիայում հանկարծահաս անկեղծության պոռթկումը միակը չէր: Վանեցյանի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի համատեղ լուսանկարը պակաս չտարածվեց համացանցում:

«Հայաստան» դաշինքի քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի արտաքին կողմնորոշումը ևս գաղտնիք չէ: Հանրային իր ելույթներում մեկ անգամ չէ, որ նա, գոնե առերևույթ, քննարկելի է համարել Միութենական պետությանը միանալու հնարավորությունները՝ դրանով անուղղակիորեն կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը: Կասկածի տակ դնողը շարքային քաղաքացի չէ, այլ պետության նախկին նախագահ, որը, ըստ Սահմանադրության, հանձնառու էր պաշտպանել ՀՀ ինքիշխանությունը:

Արտաքին քաղաքական կողմնորոշումը այն քաղաքական հովանոցն է, որի ներքո պատսպարվող գործիչները նպատակ ունեն ձեռք բերել իշխանություն՝ թեկուզ ՀՀ ինքնիշխանության զոհաբերության գնով: Արտաքին քաղաքական դերակատարներից այս հարցում առանձնապես շահագրգռված է Մոսկվան, որի ներկայությունը Հվ. Կովկասում ամրապնդելուն հաջողությամբ փոխլրացնում են Հայաստանում ակցիաների դուրս եկած գործիչների տրամադրությունները, գործողությունները և իշխանատենչ ձգտումները: Սրա համատեքստում է դիտարկելի ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից երևանյան իրադարձությունների միակողմանի լուսաբանումը:  Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչպես 1988թ. երևանյան հանրահավաքները մեկնաբանող մոսկովյան լրատվամիջոցները, որոնք, միակողմանիորեն անդրադառնալով ցույցերին, համազգային շարժումը որակում էին «մի խումբ էքստրեմիստների գործողություններ»: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու՝ սովետական կենտրոնական լրատվամիջոցների գործելակերպը տեսանելի է նաև այսօր: Երկուշաբթի ռուսաստանյան «Ռոսիա 24» պետական հեռուստաալիքը անդրադարձ էր կատարել երևանյան բողոքի ակցիաներին: Ուշագրավն այստեղ այն էր, որ Երևանում ընթացող ակցիաները մեկնաբանող նյութի ետնակադրերը Հայաստանից չէին, այլ... Եվրոպայից՝ Փարիզ, Բեռլին: Սա չի կարող պարզապես վրիպակ լինել նման մակարդակի հեռուստաալիքի դեպքում: Տրամաբանությունը հետևյալն է՝ եվրոպական մայրաքաղաքների կադրերում ոստիկանությունը հատուկ միջոցներ էր օգտագործում ցուցարարների նկատմամբ, տեղի էին ունենում խոշոր բախումներ: Այս կադրերի հետնախորքում ռուսաստանյան լրատվամիջոցը նպատակ ունի ապրումակցման և համակրության էմոցիոնալ հանրային ֆոն ապահովել հայաստանյան ընդդիմության նկատմամբ:

Ի դեպ, ռուսաստանյան հետքի դրսևորումների խորհրդանշական արտահայտություններից է ակցիաների գաղափարական աստառը՝ Արցախի փրկությունը: Արցախի անվտանգության երաշխավորը ներկայումս ՌԴ-ն է: Այդ հարցում գործուն քայլերի ունակ է բացառապես Մոսկվան: Ընդդիմադիր սեկտորից այս փաստը ջանադրաբար լռության է մատնվում: Անփորձ դիտորդին առավել քան զարմանալի կթվա այս հանգամանքը: Սակայն Հվ. Կովկասում իր առաջնայնությունը ամրապնդել փորձող ՌԴ-ի և հայաստանյան ընդդիմության կոնսեսուսը հստակորեն նշմարելի է՝ թիրախավորել հայկական միջավայրում էմոցիոնալ թեմաներ, տվյալ դեպքում՝ Արցախի հարցը, ու իշխանափոխություն անել:

Թվում է՝ պարզ ու փոխշահավետ վիճակ է. ընդդիմությունը կարող է ստանալ իշխանություն, իսկ Ռուսաստանը՝ օգտվել ամբողջովին վերահսկելի այդ իշխանության գոյությունից։ Այդպիսի իշխանությունը, բնականաբար, զերծ կմնա հավասարակշիռ արտաքին քաղաքականությունից ու որևէ տեսակի նախաձեռնողականությունից՝ հնարավորինս փակելով Հվ. Կովկասի դարպասները «չար Արևմուտքի» առջև։

Արտակ Խաչատրյան