Վերլուծություն

Դրոշ վառելով արդյո՞ք լուծվում է Հայաստանի անվտանգության հարցը

Ապրիլի 23-25-ի իրադարձությունները, ուղերձներն ու հնչած ելույթները, ինչպես և վերջին մեկ ասմվա ընթացքում դրոշների ու այլ թեմաների հետ կապված մասայական զվարճանքի միջոցառումներն ու անպտուղ բանավեճերը, անխուսափելիորեն բերում են մեկ եզրահանգման. Հայաստանի քաղաքական ընտրանին պարզապես անընդունակ է լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, որոնք անգամ այսօր դեռևս ունեն լուծումներ։ Փոխարենը՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերող շրջանակները իրենց տեղավորել են հայրենասիրական հարմարավետության դաշտում, կտրվել իրականությունից, Հայաստանին սպառնացող իրական խնդիրներից՝ զբաղվելով դրոշ այրելով ու Ազատության հրապարակում գետնանկարչությամբ։ Հայաստանի քաղաքական ընտրանին ու հասարակության մեծ մասը որոշել են չնկատել սենյակում գտնվող փղերին։

Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներն այնքան վտանգավոր չեն Հայաստանի համար, որքան՝ հենց այս ներքին «քաղաքական դիսկուրսի» մակարդակը։ Ավելի քան դաժան իրականության ֆոնին առկա են միայն դրոշ այրելու, հրապարակներում դրոշ դնելու, «մտավորականների» կողմից Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցի բարձրացման պրիմիտիվ թեմաներ։

Իրականությունն այն է, որ Հայաստանը չունի արցախյան հիմնահարցում այլևս իրական՝ ռազմա-քաղաքական ներկայություն։ Արցախն արդեն իսկ Հայաստանինը չէ, որ քննարկվի այն տալ-չտալու անհեթեթ հարցն անգամ։ Արցախը տվողն էլ, պահողն էլ Արցախի անվտանգությունն այս պահին երաշխավորող ուժային կենտրոնն է։ Հայաստանն այս պահին լրջագույն խնդիրներ ունի սեփական տարածքային ամբողջականությունը ու ինքիշխանությունը պահպանելու հարցերում՝ առնվազն այն պատճառով, որ չունի համապատասխան անվտանգային կարողություններ, ընդ որում՝ չկան նաև ո՛չ դրանք վերականգնելու գործընթաց, ո՛չ էլ՝ պատկերացում, թե ինչպես դա անել։ Սրան զուգահեռ՝ Հայաստանից, ինչպես և նախկին տասնամյակներում, շարունակվում է բնակչության արտագաղթը։ Ավելանում է Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների միջև տարբերությունը՝ հօգուտ Ադրբեջանի, աճում է Հայաստանի և Ադրբեջանի պետական և, հատկապես, պաշտպանական բյուջեների միջև տարբերությունը՝ հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանում աճում է արական սեռի երեխաների կողմից քաղաքացիությունից հրաժարվելը՝ այլ երկրների քաղաքացիություն վերցնելով։

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում առաջացած նոր աշխարհագրական վիճակը առանձին հատվածներում ծայրահեղ խոցելի է դարձրել Հայաստանի վիճակը։ Ճգնաժամի մեջ է գտնվում նաև պետական կառավարման համակարգը, անհամեմատելի են ենթակառուցվածքներ ծավալելու՝ հայկական ու ադրբեջանական պետությունների կարողությունները. բավական է դիտել Արցախում կառուցված մայրուղիների, թունելների, օդանավակայանների կադրերը և համեմատել դրանք, օրինակ, Հյուսիս-Հարավ նախագծի հետ։ Ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանը չունի և, դեռ առնվազն տասնամյակներ, չի ունենալու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են իրավիճակը փոխելու համար, չկան մասնագետներ, ռեսուրսներ ու կազմակերպում։ Վերոնշյալը այսբերգի՝ դեռ միայն երևացող ու ակնհայտ հատվածն է։

Վերոնշյալ փաստերի գոյության պարագայում պարզապես ապշել կարելի է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պնդում են, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն այս պահին ավելի շատ անհրաժեշտ է մեր հակառակորդներին, քանի որ մենք այս պահին թույլ ենք, իսկ, այ, հետո կուժեղանանք։ Բայց թե ինչ օբյեկտիվ հիմքերից են տվյալ բանախոսները ելնում, երբ գտնում են, թե ուժերի հարաբերակցության հետագա փոփոխությունը լինելու է հօգուտ մեզ, իրապես մնում է գաղտնիք։

Այս ամենի ֆոնին Հայաստանի քաղաքական ընտրանին, թիթեռնիկ նկարելով, զբաղվում է, ըստ էության, հանրապետության սպանությամբ։ Մյուս կողմից էլ՝ տասնամյակներ շարունակ ծավալված հայդատական քարոզը խեղել է հասարակական լայն շերտերի գիտակցությունը և կտրել իրականությունից, ինչը հասարակության մեծագույն հատվածը չի էլ նկատում։

Հայաստանի Հանրապետությունը պահպանելու միայն մեկ ռացիոնալ տարբերակը մնացել է հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այո՛, այդ կարգավորումը լինելու մեր հաշվին, այո՛, ցավալի զիջումների գնով։ Բայց կարգավորման բացակայության դեպքում հետևանքները լինելու են շատ ավելի ցավալի։ Կա՛մ Հայաստանը տարրալուծվելու է ռուսական ազդեցության գոտում ու կորցնելու է անկախության վերջին նմուշները (սա՝ լավագույն դեպքում), կա՛մ թուլացող Ռուսաստանը, 1918 թվականի նմանությամբ, լքելու է տարածաշրջանը, և Հայաստանը «սոված գայլերի» հետ մնալու է դեմ-հանդիման։ Միևնույն ժամանակ, բացարձակապես կարիք չկա հույս ունենալ «արևմտյան» ուժային աջակցության վրա։ Արևմտյան, ֆրանկական, խաչակրաց, հռոմեական զորքերը չեն գալու, ինչպես չեն եկել դարեր շարունակ՝ այն պարզ պատճառով որ մեր տարածաշրջանը չունի համապատասխան կարևորություն Արևմուտքի համար։

Արեգ Քոչինյան