Արցախի և Հայաստանի մի խումբ գործիչներ հերթական հայտարարությունն են տարածել՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հիրավի, տպավորիչ է հայտարարությունը ստորագրողների ցուցակը՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արա Այվազյան, Կարեն Միզոյան, Ավետ Ադոնց, Աշոտ Մելքոնյան, Էդիկ Մինասյան, Շուշան Պետրոսյան, Արամո և այլն։ Նախկին արտգործնախարարներ, դիվանագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, արվետագետներ, մի խոսքով, ըստ «Հայկազյան» բառարանի, «մտավորականներ»։ Սակայն այս ողջ պատմության մեջ ամենատպավորիչը հենց անձանց ցանկն է՝ աստղաբույլը, մինչդեռ հայտարարության դրույթների, բովանդակության ու բառապաշարի մեջ որևէ նորություն, հեռանկարային միտք ու առաջարկ, փաստացի, չկար։ Հայտարարության հենց սկզբում սույն գործիչներն ինքնահռչակվում են «պետականաշինության մեջ մեծ ավանդ ունեցողներ» և շեշտում, թե «զերծ են կուսակցական որևէ կապակցվածությունից»։
Ինչ խոսք, եթե նրանք գոնե նշեին, թե չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցություն, գուցե, ինչ-որ տեղ, կարելի լիներ աչք փակել այս պնդման վրա, բայց ովքե՞ր են զերծ կուսակցական կապակցվածությունից. Վարդան Օսկանյա՞նը՝ Քոչարյանի հավատարիմ արտգործնախարարը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը՝ «Ժառանգության» հիմնադիր առաջնորդը, Շուշան Պետրոսյա՞նը՝ ՀՀԿ խմբակցության նախկին անդամը, Վարդան Ոսկանյա՞նը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամը… Որքան պետք է «ցավ ապրես» հայրենիքիդ համար, որ փրկչական ու մտահոգության շորշոփով նման «տպավորիչ» անվանացանկով հայտարարություն հրապարակես և հենց առաջին տողում կեղծես կամ սոփեստություն անես։
Կարծում ենք՝ սա լուրջ չէ, լուրջ չէ նաև հայտարարության տեքստը՝ անգամ հայերեն լինելու տեսանկյունից, որովհետև հայտարարության հենց առաջին հիմնադրույթից պարզ չի դառնում՝ սույն «մտավորականները» անսակարկելի են համարում Արցախի հիմնահա՞րցը, թե՞ Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա էլ մի կողմ։ Հայտարարության ամբողջ տեքստը ողողված է «համազգային միասնություն», «ազգային արժանապատվություն», «համազգային խնդիրներ» և այսօրինակ՝ տոնայություն ունեցող վերացական բառակապակցություններով, որոնք նորմալ և ընկալելի կլինեին, եթե տեղ գտնեին ֆիդայական որևէ երգում, գուսանական մանիֆեստում կամ գոնե «Խնուս» հայրենակցական միության որևէ հայտարարության մեջ։
Բայց, ախր, կարդում ենք՝ նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, փոխարտգործնախարար, պատմաբան, իրավաբան։ Այս մարդիկ տարիներ շարունակ ղեկավարել են երկրի կարևորագույն գերատեսչությունները, մի քանի սերունդ են կրթել, գիտություն են զարգացրել, երկիր են ներկայացրել, բանակցություններ վարել։
Եվ այս ամբողջ փորձով ու գիտելիքով՝ ստորագրում են մի հայտարարության տակ, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն են հռչակում ռուսական խաղաղապահ առաքելության հետ աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը՝ խաղաղապահ առաքելության հետ աշխատանք։ Նախկինում գոնե նման առաջնահերթություն էր հայտարարվում Ցեղասպանության ճանաչումը՝ հենց հայտարարությունը ստորագրած նախկին արտգործնախարարններից մի քանիսի կողմից։ Ի դեպ, ոչ պակաս անհեռանկար ու ամուլ սկզբունք՝ Հայաստանի ու նրա ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործուն, քան նշվածը։
Զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Այս թնջուկում հարց է առաջանում՝ արդյո՞ք սույն դիվանագետները հենց այսպիսի ֆիդայական բառապաշարով ու բաժակաճառերով են առաջնորդվել, երբ հակառակորդ կողմի հետ նստել են բանակցային սեղան։ Կամ արդյո՞ք սույն դիվանագետները իսկապես գտնում են, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերը սկսվում են 2020թ. պատերազմից հետո, ինչպես գրել են իրենց տեքստում։ Եվ եթե այո, գուցե հենց այսօրինակ դիվանագետների ու պատմաբանների «ջանքե՞րն» են մեզ հասցրել ներկայիս հանգրվանին։ Իսկ գուցե այս հայտարարությունը ստորագրածներից շատերի գործունեության ու քարոզչության արդյունքո՞ւմ է, որ տասնամյակներով լվացվել են սերունդների ուղեղները՝ բացառման տանելով իրատեսության և իրականության զգացողությունն ու գնահատականը։
Վերջապես, ինչո՞ւ են այս ցանկից շատերը, արդեն որերորդ անգամ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները կապակցում արցախյան հիմնախնդրի հետ, երբ, տարիներ ի վեր, աշխատելով նշված բարձր պաշտոններում, դրանում մեղադրել են Թուրքիային։ Գուցե հենց իրե՞նք են ուզում այդ փոխկապակցումը։ Իսկ եթե չեն ուզում, ինչքանո՞վ է պատիվ բերում նման պարզունակ քարոզչական հնարքը հայտարարության հեղինակներին։ Այսքան դիվանագետ, պրոֆեսոր ու ակադեմիկոս՝ մի թղթի մեջ, ու այսքան պարզունակ։
Աղասի Մարգարյան