ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ «մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։ Ապագա հարաբերությունները, ըստ ընդդիմադիրների նախագծի, պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով «Թուրքիայի հայատյաց և ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, Հայաստանին կենսական զիջումներ պարտադրելու ու հայկական քաղաքական, մշակութային ու տնտեսական գործոնը վերացնելու՝ Թուրքիայի վերջնանպատակը, տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու՝ Թուրքիայի նպատակները»։
Ստացվում է, որ գարնանային «ակտիվության» զարթոնքում գտնվող ընդդիմությունը, սահմանելով Թուրքիայի շահերն ու մոտեցումները, արդեն իսկ գուշակել է նաև Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի հայության դիրքորոշումը։ Դրանք էլ առանձին կետերով են սահմանել՝ «Հայաստանի ու հայության կողմից կենսական զիջումների ցանկացած գործընթաց կբերի պետականության փլուզման, իսկ Հայաստանի զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակությունն է, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Արցախի լինելիությունը, որոնք փոխկապակցված են։
Վերջապես, «Հայաստան» խմբակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայի ու ապագայի հարցում առաջ է քաշում իր պահանջները և ցանկանում, որ խորհրդարանն ամրագրի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում՝ փուլային եղանակով, բացառի հայ ժողովրդին հայրենազրկման ու ցեղասպանության վտանգի տակ դնելու որևէ համաձայնություն, առաջնորդվի Հայաստանի ու Սփյուռքի միասնական կամքով և պայմանավորված չլինի Ադրբեջանի պահանջներով։
Ընդդիմության այս հայդատական օրակարգը, փաստացի, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների փուլային կարգավորում է, այլ՝ փաթեթային վիժեցում։ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, դաշնակցական մետաստազներին հարիր, դեռևս սաղմնային մակարդակում գտնվող հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման երկխոսությունը փորձում է տորպեդահարել՝ «բացահայտելով» թուրքական «հայատյաց ու հայակործան» նպատակներն ու պահանջները։
Այդպիսի մոտեցման կործանարար հետևանքներից մեկը, փաստացի, 44-օրյա պատերազմն էր։ Երբ անհեռատես, արկածախնդիր ու վիլսոնյան հովերով տարված հայ քաղաքական միտքը Թուրքիային սադրեց ուղիղ պատերազմական մասնակցության։ Թուրքիային, որը դեռևս 90-ականների առաջին պատերազմում էր Հայաստանին ցորեն տալիս՝ սովից փրկվելու համար, և աչք փակում Լաչինի գրավման վրա։
Մյուս կողմից՝ ստացվում է, որ մեր ռազմական դաշնակիցը, անվտանգության երաշխավորն ու «ազգային» ուղենիշ Ռուսաստանը խնդիրներ չունի Թուրքիայի հետ, նրա հետ ռազմա-դաշնակցային հարաբերություններ է կառուցում, տարածաշրջանը վերաբաժանում ու վերադասավորում, իսկ Հայաստանը պետք է ունենա այսպիսի տարածքային, քաղաքական ու իրավական պահանջներ, որոնք հարիր չեն նրա քաշային կարգի երկրներին։ Քոչարյանական ընդդիմությունը երազում է, որ Հայաստանը առաջնորդվի հայդատական պահանջատիրությամբ։ Թուրքիայից պահանջում է բոլոր հնարավոր զիջումները, պահանջում է ընդունել իր նախապայմաններն ու մոտեցումները, իսկ Թուրքիան, արի ու տես, պետք է նախապայմաններ ու պահանջներ չունենա։ Որովհետև այդպիսով կվրդովեցնի դաշնակցական ասֆալտի ֆիդայիներին ու քոչարյանական միլիոնատեր երեսփոխաններին։ Թուրքիան պետք է տարածաշրջանային հավակնություններ, քաղաքական ու տնտեսական շահերը առաջ չտանի, որովհետև «հայ ազգը» չի հանդուրժի դա, իսկ Հայաստանի պահանջները, պարզվում է, «իրատեսական են» ու «արդարացված»։
Հունաստանը կարող է ընդունել, որ հույները ցեղասպանվել են Օսմանյան կայսրությունում, բայց ունենա ազատ սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, լինի նրա հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում, նույն տնտեսական գոտում, իսկ երկու կողմից շրջափակված Հայաստանը իրավունք չունի Թուրքիայի հետ բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ ունենալ, քանի դեռ «ազգափրկիչ» հարցերը չեն լուծվել։ Հունաստանը, օրինակ, չի հրաժարվել ցեղասպանության իր հիշողությունից ու պատմությունից, բայց դա չի դարձնում արտաքին հարաբերությունների ու հարևանների հետ շփվելու անկյունաքար։ Դա իր անձնական գործն է, ոչ թե միջազգային հանրության խաղալիքը, որ, երբ ուզեն, Թուրքիայի գլխին ջարդեն։ Ուրեմն, Հունաստանը կարող է, իսկ Հայաստանը՝ ոչ. միայն ու միայն հակաթուրքականություն, և այն էլ՝ ինչպիսի։
Քոչարյանի անձնական օգտագործման ընդդիմության այդ հայտարարության հեղինակները, փաստացի, եզրակացնում են, որ Հայաստանի գոյության իմաստը Թուրքիայի կոկորդին ոսկոր լինելն է, մեր աշխարհաքաղաքական նշանակությունը՝ թուրքական գլխացավ լինելը, Թուրքիայի տոնը փչացնելը, իսկ որ դրա արդյունքում Հայաստանը հայաթափվում է, տնտեսությունը՝ քայքայվում, մարդիկ՝ սնանկանում ու աղքատանում, դա «ազգափրկիչներին» պետք չէ։ Չէ՞ որ նրանք վաղուց լուծել են իրենց ու իրենց սերունդների հանապազօրյա միլիոնների հարցը մալդիվներում, հունաստաններում ու, անգամ, տանզանիաներում։
Նրանք ամեն անգամվա պես առաջարկում են այդքան չարչրկված «մահ կամ ազատություն» պարազիտիզմը։ Երբ իրենք ազատ են իրենց միլիոններով՝ իբիցաներում ու մալդիվներում, իսկ ժողովրդին բաժին է ընկնում մահը։ Հասարակությունը պետք է հավերժական վախերի, կորուստների ու ֆոբիաների մեջ ապրի՝ Թուրքիայի՝ մշտական թշնամու ու գլխացավի ամպլուայով։ Եվ ապրի անիմաստ, որովհետև դրանից միայն ու միայն սովորական մարդիկ են տուժում՝ վճարելով զավակների կյանքի, երկրի ապագայի ոչնչացման գնով։ Գին, որ չեն վճարելու այդ «ազգափրկիչները» ու հավերժական թշնամության քարոզիչները։ «Հավերժական թուրքի» դալալ այդ երգիչները կապրեն էլի տաք ու բարեկեցիկ Արևմուտքում, կսնվեն դրամաշնորհներից ու սփյուռքի փողերից, բայց կքարոզեն հավերժական պատերազմ՝ հավերժական թշնամությամբ։ Որովհետև, ինչպես 44-օրյա պատերազմից հետո են վայելում իրենց կյանքը արևմտյան «փտած» երկրներում՝ հերթական անգամ սփյուռքից փող հավաքելով ու հոխորտալով Թուրքիայի դեմ, այնպես էլ՝ չէին մնում ու շենացնում իրենց խոստացած ջրականներում, սանասարներում ու քարվաճառներում։ Իսկ Ստեփանակերտ ու Արցախի մնացորդներ գնալուց էլ՝ սելֆի են անում ցուցանակների տակ, թե՝ տեսեք, հայրենիքը մեզ կանչում է, մենք հայրենիքում ենք։
Ահա, այսպիսի աղետալի, հայատյաց, հակապետական ու քոչվորային հոգեբանություն, որը վերջ չունի այնքան ժամանակ, որքան այդ ուժերը ազատորեն, առանց ամոթի կամ խոչընդոտի կքարոզեն ու կպարարտացնեն անասնական վախ ու հակապետական դիվանագիտության բացակայություն, կորոշեն Հայաստանի ու Թուրքիայի շահերը, կորոշեն ու կթշնամացնեն, անունը կդնեն «գոյաբանական հակասություն», կփակեն Հայաստանը, կշարունակեն ռուսական հավատարմության երդումները, փակ քայքայվող տնտեսությունն ու հասարակության սնանկացումը և, իրենց հպարտ դեմքերով, գլենդելներից ու քվեբեկներից, աթենքներից ու փարիզներից կհոխորտան Թուրքիայի դեմ՝ 4000 զոհերի ու 10000 վիրավորների արյան գնով։ Գին, որ ոչ իրենք, ոչ իրենց երեխաներն ու թոռները, ոչ վճարել են, ոչ էլ երբևէ կվճարեն։
Գոռ Մադոյան