Վերլուծություն

Ընդդիմությունը փորձում է կրկին շահարկել Ցեղասպանության տարելիցը

Դեռևս 1993թ. հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանը, նկատի ունենալով նույն տարվա փետրվարին Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը, նշել էր, որ երբ ռազմաճակատում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, ընդդիմության երևանյան գործողությունները և պահվածքը թիկունքից հարված է։ Այդպիսով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում սկիզբ դրվեց քաղաքական հարցերը, ընդհուպ մինչև՝ իշխանության համար պայքար, «ազգային հիմնախնդիրներով» լեգիտիմացնելու ավանդույթը։ Ղարաբաղյան խնդրով պայմանավորված՝ ներիշխանական պայքարի ամենահիշարժան ակտը, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր։

Հետայդու, Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, գործընթաց, տեքստ պետք է կապվեր ղարաբաղյան խնդրի և Հայոց ցեղասպանության հետ։ Դրանից անդին ցանկացած բովանդակություն և տեքստ մարգինալացվում և դուրս էր մղվում։ Հասարակական-քաղաքական մտքի տոտալիտարիզացիան հանգեցրեց քաղաքական մտքի բովանդակության վիժեցմանը։ Հասարակական-քաղաքական մտքի լճացումը պայմանավորեց մտքի ամլացման, նոր խոսքի, տեքստերի բացակայության, որպես այլևս կայացած իրողության, հաստատումը։

Թվում էր՝ 2018թ. հեղափոխությունից հետո տեղի կունենա քաղաքական դաշտի առողջացման դժվար, բայց անհրաժեշտ գործընթաց։ Ընդդիմությունը, որը ձևավորվել էր նախկին իշխանական ուժերից, չգնաց դժվար և առողջացնող ճանապարհով։ Փորձը ցույց տվեց, որ ընդդիմությունը շարունակեց հին գործելակերպը՝ Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան խնդիրը դարձնելով քաղաքական շահարկման առարկա։ Դա, թերևս, հասկանալի է։ Այդ խնդիրների  շահարկման սահմաններից դուրս գալու դեպքում պետք է երկխոսություն ծավալվեր հասարակության հետ, նոր բովանդակություն և տեքստեր առաջարկվեին, այսինքն՝ ընդառաջ գնային հանրությանը և ուղիղ շփվեին նրա հետ։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան թեմատիկան նմանատիպ գործողություններ չէր ենթադրում։

Հատկապես 2020թ. պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում՝ այդ խնդրի չարչրկումը ընդդիմության համար առավել նպատակահարմար համարվեց, քանզի այն պարունակում էր նաև հուզական բովանդակություն։ Եվ այս համատեքստում էլ կարելի է դիտարկել ընդդիմության որոշումը՝ ապրիլի 23-ին մասնակցություն ցուցաբերել դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին։ Ընդհանրապես, ռացիոնալ հասարակություններում համազգային ողբերգությունների հիշատակումները վերքաղաքական նշանակություն ունեն։ Այդ հարթության վրա մի կողմ են դրվում ներքաղաքական մրցակցությունը, տարաձայնությունները՝ այդ օրերը ընդունելով որպես կոնսոլիդացիոն նշանակություն ունեցող։ Վերոբերյալ իրողությունները բնորոշ են իրական քաղաքական մշակույթ ունեցող հասարակություններին։ Հայաստանյան ներքաղաքական իրողություններում, սակայն, համազգային ողբերգությունը վերքաղաքական կոնսոլիդացիայի դերակատարում չունի և օգտագործվում է քաղաքական շահագրգռությունները բավարարելու նպատակով։ Ապրիլքսանչորսյան ակցիաները ընդդիմությունն օգտագործելու է՝ իռացիոնալ, զգացմունքային ֆոնի վրա իր օրակարգի շուրջ կոնսոլիդացիա ձևավորելու նպատակով։

Ընդդիմության՝ նման շեշտադրումները և ակցիաները այլ ենթաշերտ են պարունակում։ Իշխանությունների կողմից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործողությունները սպառնում են զրկել ընդդիմությանը իրական քաղաքական նպատակների գաղափարական քողից։ Եվ տարածաշրջանային, և աշխարհաքաղաքական ներկա անկայուն շրջափուլում ընդդիմության ապրիլքսանչորսյան ակցիաները՝ հղի ներքաղաքական լարումներով, ի ցույց են դնում այդ ուժերի շահագրգռությունները, այն է՝ անկախ պետության առջև ծառացած մարտահրավերներից՝ լուծել իշխանության ձեռքբերման խնդիրը։ Ջահերով երթին ընդդիմության մասնակցությունը այլ նպատակ ևս ունի։ Տարիներ ի վեր երթին մասնակցում են շարքային, անկուսակցական քաղաքացիներ ևս։ Երթին մասնակցելով և ուղղորդելով՝ ընդդիմությունը կփորձի ցույց տալ, թե ինչ բազմամարդ և հուժկու էր իր ակցիան։

Նման մեթոդաբանությամբ աշխատելու պարագայում՝ չի բացառվում, որ ընդդիմությունը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելող հարյուր հազարներով մարդկանց ևս համարի իրենց ակցիայի մասնակիցներ։

Արտակ Խաչատրյան