Վերլուծություն

Ընդդիմությունը հայրենիքը փրկում է տաք եղանակներին

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։ Նրա խոսքերով՝ պայքար է սկսում հանուն Հայաստանի և Արցախի՝ միջանկյալ նպատակ հռչակելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացումն իշխանությունից։ Ինչ խոսք, հավակնոտ նպատակներ են։ «Մեսիայի» նորօրյա հայտնությունների շքերթի հերթական դեմքը, ներքաղաքական հարցերը կարգավորելուց հետո, հայտ է ներկայացնելու տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ինքնահայեցողական փոփոխության համար։ Ամեն դեպքում, արտաքին քաղաքական հարթակում արվելիք փոփոխությունների մասին խոսելիս, դա է ենթադրել տալիս ԱԱԾ նախկին տնօրենը։ Սակայն, նման նպատակներն իր համար նշաձող սահմանող գործիչը, բնականաբար, ստիպում է հայացք ձգել նրա քաղաքական կենսագրությանը։

Իսկ քաղաքական դաշտում Վանեցյանը հայտնվեց 2018թ. հեղափոխության արդյունքում՝ նշանակվելով ՀՀ ԱԱԾ ղեկավար: Վերջին ասուլիսում պետական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու անհրաժեշտության մասին մատնանշող, արդեն ընդդիմադիր Վանեցյանը թերևս մոռացել է, որ ԱԱԾ պետի կարգավիճակում գաղտնալսվել էր՝ ի հեճուկս յուր պրոֆեսիոնալիզմի: Նրա հաջորդ քաղաքական մանիֆեստը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում «Крым наш» խոստովանանքն էր: Բնականաբար, կյանքի իրավունք ունի հարցը, թե ինքնիշխան Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարության հայտ ներկայացնող գործիչը ինչ նկատի ունի՝ այդ խոսքերն արտասանելով: Արդյո՞ք Վանեցյանը, ՀՀ ղեկավար դառնալու դեպքում, արտաքին քաղաքական առաջնահերթություն է դիտարկելու Ղրիմի միացումը ՀՀ-ին։ Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք պնդել, որ ԱԱԾ նախկին պետը իր հայրենիքն իդենտիֆիկացնում է Ռուսաստանի հետ: Այլ որևէ եզրահանգում, թերևս, անտրամաբանական է:

Իսկ ի՞նչ է ուզում Արթուր Վանեցյանը, ինչի՞ն է միտված նստացույցը: Հանրահռչակել է, որ ակցիան հանուն Հայաստանի է և Արցախի: Ակցիայի հռչակած նպատակների անկեղծությանը, սակայն, կասկածելու իրավունք են տալիս որոշ հանգամանքներ: Ընդդիմադիր դաշտից ավելի վաղ հակաիշխանական պայքար նախաձեռնելու աննպատակահարմարությունը պատճառաբանվում էր եղանակային ցուրտ պայմաններով: Փաստորեն, հայրենիքը սիրում են և փրկում եղանակային տաք պայմաններում: Քաղաքական նշանաբանությունը հուշում է, որ ամենևին էլ պատահական չէ ակցիայի ժամանակը: Այն հաջորդեց Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպմանը և նախորդում է վարչապետի՝ Մոսկվա այցին: Տրամաբանությունը հուշում է, որ այս համատեքստում պակաս կարևոր չէ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ միջազգային հանրությունը ակնկալում է ԼՂ հարցում հայկական կողմից նշաձողի իջեցում, ինչն ապահովելու է ՀՀ-ի և Արցախի շուրջ լուրջ կոնսոլիդացիա: Ուղերձը նշանակում է, որ այդ կոնսոլիդացիան ենթադրում է հավաքական Արևմուտքի ներգրավվածություն, ինչը ՌԴ-ին կզրկի Հվ. Կովկասում ազդեցության մենաշնորհից: Եվ իրադարձությունների այս հետնախորքը ի ցույց է դնում «Հայրենիքի» առաջնորդի նախաձեռնած ակցիայի իրական նպատակները և ստվերային պատվիրատուին:

Իր ասուլիսում Վանեցյանը շարունակար շեշտադրեց, որ իր պայքարը վերկուսակցական է: Անընդհատական այս մտասևեռումը տարօրինակորեն հանգեցնում է այն տպավորությանը, որ նա հետևողականորեն խուսափում է նույնականացվել Սերժ Սարգսյանի թիմի հետ, որի անդամ է հանդիսանում: Հավաքական անգիտակցականի դրդմամբ արվող այդ քայլը թերևս վերհանում են Վանեցյանի թաքնված վախերն ու բարդույթները: Քիչ բան չէ՝ նա եղել է հետհեղափոխական Հայաստանի ԱԱԾ-ի ղեկավարը, այն հեղափոխության, որը կատեգորիկ մերժեց իր ներկայիս թիմի իշխանավարման շարունակությունը ՀՀ-ում:

Խորհրդարանական վերջին ընտրություններում երկիրը ղեկավարելու հայտ ներկայացրած Վանեցյանի ռազմադիվանագիտական ընկալումների և կարողությունների լավագույն ցուցադրությունը 2020թ. նոյեմբերի 11-ին իր արած հայտարարության մեկնաբանությունն էր: Այդ ժամանակ նա ասել էր, որ ավելի լավ էր ողջ Արցախը զիջել Ադրբեջանին, քան ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Սակայն երեկ, մամլո ասուլիսում, Վանեցյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունը կատարել է գիտակցված՝ նկատի ունենալով, որ եթե Արցախը պահել հնարավոր չէ, ավելի լավ էր՝ զորքերը ետ քաշել ընդհուպ մինչև ՀՀ սահման և ամրանալ այդտեղ: Ստացվում  է՝ առաջարկում էր ամբողջովին մերկացնել Արցախի տարածքը Ադրբեջանի զինուժի դեմ՝ ողբերգական բոլոր հետևանքներով հանդերձ: Միգուցե, շարունակ շրջանառվող խոսակցությունները Վանեցյանի ջոկատի՝ Շուշիի հատվածը լքելու վերաբերյալ, այդ մտայնության լոկալ արտահայտությու՞նն են եղել:

Միով բանիվ, ռազմադիվանագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական նման սումբուր պատկերացումներ կրող գործիչը հայտ է ներկայացնում փրկել Հայաստանը: Իհարկե, փրկելը պետք է հասկանալ յուրովի՝ Արցախից զորքերը ետքաշելու առաջարկը մտապատկերում ունենալով:

Արտակ Խաչատրյան