Վերլուծություն

Ե՞րբ է հայ հասարակությունը խոսելու իրական խնդիրներից

Հայաստանը իր նորագույն պատմության՝ թերևս ամենադժվարին փուլում է։ Այն, որ հասարակության առջև այժմ ծառացած են տասնյակ, առանց չափազանցնելու, ճակատագրական վտանգավորության խնդիրներ, ինչպես նաև՝ առկա են հարյուրավոր երկարաժամկետ ու միջնաժամկետ լրջագույն հարցեր, նույնպես դժվար չէ նկատել։ Բայց պարզվում է, որ թե՛ հասարակությունը, թե՛ նրա քաղաքականացված շերտը, որ նորմալ միջավայրերում հավակնում են քաղաքական ընտրանու (էլիտայի) դերին, որոշել են համառորեն չառերեսվել իրողություններին, չտեսնելու տալ կենսական լուծման կարոտ խնդիրները և վստահորեն հրաժարվել պատասխանատվությունից։

Այս ամենի համատեքստում ընդդիմության կողմից Երևանի կենտրոնում պարբերաբար ստեղծվում են լարվածության օջախներ, հրահրվում են սադրանքներ՝ ցույցեր, հակացույցեր, հրապարակների բարիկադավորումներ, փողոց դուրս գալու կոչեր, դրոշների տեղադրումներ, տեղադրված դրոշների ներկումներ, ներկումներին հաջորդող ձեռնամարտեր և բազում այլ բակային մանրապատումներ։ Մյուս կողմից՝ իշխանությունն էլ է զբաղված սովխոզային բնույթի միջոցառումներով. վերջին շրջանում առաջ է բերում բարեփոխումներ ու օրենքի նախագծեր՝ հանրային լողափների մասին, հանրային տարածքներում ծխելու մասին, հանրային սննդի վայրերում սեղանին կերկակրի աղ դնելու մասին և այլն։ Այս ամենը հասարակության մոտ, լավագույն դեպքում, երգիծանքի տպավորություն են թողնում։ Եվ ոչ մի խոսք աշխարհաքաղաքական այս բարդագույն վիճակի մասին, ոչ մի համարժեք պատասխան տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ոչ մի քաղաքական մեկնություն ու տեսլականի ներկայացում, թե ուր է գնում մեր պետությունը։ Իշխանությունն ու ընդիմությունը, փաստորեն, համատեղ պատասխանատվությունը հրում են առ հասարակություն՝ իրական խնդիրներով չզբաղվելով ու դրանց վերաբերյալ հասարակության հետ չհաղորդակցվելով։ Մինչդեռ, դժվար չէ կռահել, որ պատասխանատվություն ստանձնելն է քաղաքական ընտրանու առաջնային դերը։

Այսօր քաղաքական ընտրանին մեծամասամբ ունակ էլ չէ պատասխանատվություն ստանձնելու։ Որովհետև դրա համար նախ անհրաժեշտ է  բավարար ուժ գտնել՝ նախ առերեսվելու դաժան քաղաքական իրողությունների հետ, ապա՝ հասարակությանը դրանք ամբողջապես և առանց կիսաճշմարտությունների մատուցելու։ Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական ընտրանին, իր անընդունակությունը քողարկելու համար, որոշել է հասարակությանը մեկուսացնել արտաքին խնդիրներից, ստեղծել ստերիլ հանրային տարածք ու այնտեղ զբաղվել ամեն ինչով, բացի իրական խնդիրները ռացիոնալիզացնելուց և լուծելուց։ Նման «լուծումը»՝ համեմված գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակով, իրական սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար, ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ էր, երբ թուրքական բանակները արշավում էին Հայաստան, իսկ հայ ընտրանին վիճում էր կառավարական կաբինետների շուրջ։

Հետևաբար, Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը այսօր ոչ այնքան արտաքին մարտահրավերներն են, որքան սեփական քաղաքական ընտրանու որակը։ Եղած որակի ընտրանին եթե չգնա ինտեգրման և իրողությունների շուրջ անկեղծ երկխոսային միջավայր ստեղծելու ճանապարհով, ունակ չի լինի լուծել Հայաստանի անվտանգության հարցը՝ չունենալով բավականաչափ ինտելեկտուալ, բարոյական ու ծրագրա-նպատակային պլանավորման ռեսուրսներ։ Փոխարենը նրանք հասարակությանը սպասարկում են նրանով, ինչով կարողանում են. կա՛մ ստեղծված իրավիճակի շրջանակներում աննշան ու անպատեհ գործընթացներ, կա՛մ շոու ու էպատաժի կազմակերպում։

Պետության հարատևությունը ապահովող ամենակարևոր մեխանիզմը կայուն, վերարտադրվող և ինքնազարգացող քաղաքական ընտրանու՝ խնդիրներ լուծելու կարողունակությունն է։ Եվ այժմ հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանի ընտրանին կարող է 44-օրյա պատերազմի բերած ծանրագույն հետևանքները հաղթահարել և պետությունը դնել նորմալության ռելսերին։

Արեգ Քոչինյան