Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին Հայաստանում վերաբերում են բավականին թերահավատորեն ու զգուշավոր։ Կա տարածված կարծիք, որ այս անգամ նույնպես ոչինչ չի ստացվի և Թուրքիան չի գնա առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։
Մինչդեռ, առանց նախապայմանների բանակցությունների գնալու՝ թուրքական դիրքորոշման վրա թերևս կա էական արևմտյան, ավելի կոնկրետ՝ ամերիկյան ազդեցություն։ Դա, բնականաբար, չի արվում՝ հայերի շահերը առաջ տանելու համար։ Ընդհանրապես, որևէ մեկից նման բան ակնկալելը պարզ միամտություն է։
Արևմուտքը երբեք էլ դեմ չի եղել Կովկասյան տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազեցնելու սցենարներին։ Իսկ տարածաշրջանում ռուսական ազդեցության հիմնական կրողը և ջատագովը Հայաստանն է։ Հայաստանն էլ, բնականաբար, դա անում է՝ առաջին հերթին անվտանգության խնդիրներից ելնելով։ Այսպիսով, եթե չլինեն Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրները, որակապես կփոխվի նաև Ռուսաստանի ազդեցության մակարդակը տարածաշրջանում։ Իսկ Հայաստանի անվտանգային ճարտարապետության ռիսկերից ամենաանկառավարելին Թուրքիան է։ Այսպիսով, չի բացառվում, որ ԱՄՆ-ն հաշվարկել է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հասնել նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ու դերի նվազեցմանը։
Կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի «ներկայությունը» փաստվում է մի շարք գործնական օրինակներով։
- Թե՛ բանագնացների հանդիպումներից առաջ, թե՛ հանդիպումների նախօրյակին, ամերիկյան պաշտոնյաները գրեթե միշտ հեռախոսազրույց են ունենում իրենց թուրք գործընկերների հետ. մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ջ. Սալիվանը՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Ի. Քալընի հետ։ Ընդ որում, անգամ պաշտոնական հաղորդագրությունների մեջ է նշվում, որ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը։
- Ամերիկյան «Բլումբերգը» բանագնացների նշանակման շրջանում էր հանդես եկել հայտնի հրապարակմամբ, ըստ որի՝ Թուրքիայի վրա ամերիկյան ճնշումներ կան՝ հարցին դրական ընթացք տալու համար։
- Ինչպես նախկին (Ցյուրիխյան արձանագրությունները), այնպես էլ այս փուլի հայ-թուրքական բանակցություններում ԱՄՆ-ն հանդես է գալիս առաջանցիկ ակտիվությամբ։ Այդ են վկայում նաև Հայաստանի պաշտոնակիցների հետ ամերիկյան դիվանագետների հանդիպումների ու հեռախոսազրույցների պաշտոնական հաղորդագրությունները։
- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ԱՄՆ-ի համար այդ կարգավորման կարևորությունն ընգծվում է ամերիկյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական հայտարարություններում։
Այսպիսով, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայից ակնկալիք ունեն, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, ու դա կլինի՝ առանց նախապայմանների։ Դրանով իսկ, ականատեսն ենք ԱՄՆ-ի և Հայաստանի շահի յուրօրինակ համընկնման, ինչը իրատեսականություն է հաղորդում գործընթացի հաջողության հնարավորությանը։
Արեգ Քոչինյան