Վերլուծություն

Համաշխարհային ազգի համաշխարհային ցանցը

ՀՅԴ-ն հերթական Ընդհանուր ժողովն է գումարել` ժանրի բոլոր կանոններով: Նախ, այսօր բացման պաշտոնական արարողությունն էր, որից հետո արդեն փակ-գաղտնի ռեժիմով հյդ-ականները մի քանի օր շարունակ քննարկումներ են անցկացնելու, վերջում՝ որոշումներ կայացնեն։ Ժանրի բոլոր կանոններով էին նաև ՀՅԴ ներկայացուցիչների ելույթները՝ պարուրված պաթոսով ու կեղծ հայրենասիրությամբ։

Մասնավորապես, ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե չպետք է հաշտվել 44-օրյա պատերազմում պարտության հետ․ «Պետք է ձևավավորել դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն՝ հայրենիքը զիջումների տանող օրակարգերին»։

Համաձայնվեք՝ խրոխտ է հնչում, շատ խրոխտ։ Բայց այդպես էլ Իշխան Սաղաթելյանը չի մանրամասնում, թե ինչ դիմադրության մասին է խոսքը, ինչպես պետք է այդ դիմադրությունը ցուցաբերենք։ Նոր պատերա՞զմ հայտարարել Ադրբեջանին, Ստամբուլը արյան ծո՞վ սարքել, թե՞ պատերազմ հայտարարել ողջ աշխարհին։ Մանավանդ, որ, ինչպես պահանջեց ՀՅԴ ներկայացուցիչը, «հայ-թուրքական հաշտեցման գորընթացը պետք է կասեցվի»։

Սովորաբար, հասուն ազգերը պարտությունից դասեր են քաղում, սթափվում և նայում են առաջ։ Սովորաբար, հասուն ազգերն այդ ճանապարհին ոչ թե թշնամանում են հարևանների հետ, ոչ թե խորացնում թշնամական հարաբերությունները, այլ՝ փորձում կարգավորել և սեփական շահն առաջ տանել, սեփական օգուտները քաղել։ Հասուն ազգերը փորձում են շենացնել պետությունն ու հզորացնել։ Եվ հասուն քաղաքական ուժերը հասարակությանը հենց այդ ուղղությամբ են փորձում առաջ տանել։ Մինչդեռ, ՀՅԴ-ի պարագայում իրավիճակն այլ է. հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները նրանց համար քաղաքական բիզնեսի պարարտ դաշտ է, և, հետևաբար, պետք է ամեն ինչ անել՝ այդ հարաբերությունների կարգավորումը խափանելու ուղղությամբ։ Կարևորը՝ պատմական բեռը, որպես կապանք, մեզ հետ քարշ տալն է, որ տանում է դեպի անդունդ։

Իզուր չէ, որ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարում էր. «Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ, այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպություն է։ Դաշնակցությունը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ։ Դաշնակցության առաքելությունն ավելին է, քան դասական քաղաքական գործունեությունը։ Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի Դաշնակցություն»։

Դասականը կասեր՝ «իյա, իրո՞ք»։ Իրոք, ՀՅԴ-ն սոսկ քաղաքական կուսակցություն չէ, և այստեղ մենք չենք հիշատակի նրանց տեռորիստական անցյալը, չենք հիշատակի «Դրո»-ի և «30+1»-ի գործերը, և այսպես շարունակ։

Պարզապես մի փոքր մեջբերում Եղիշե Չարեցի անմահ վեպից՝ «Երկիր Նաիրի»-ից. «Այդտեղ՝ այդ ներքնահարկում, ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո՛չ մի մարդ չգիտե — ապրում է հսկայական մի սարդ, աներևույթ մի սարդ, սարդանման ուղեղ։ Եվ այդ սարդը, ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը, այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք։ Պարզում է իր ճանկերը՝ թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան։ Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից-քաղաք, երկրից-երկիր. իսկ ինքը չի երևում, անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք, հրաշք է, չես հասկանում, սարսափելի գաղտնիք, զարմանալի զարմանք»։

Արման Գալոյան