Քաղաքական

Նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ

ԱԺ-ն 31 կողմ, 61 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկել նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը։

Խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ. «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ Ասեմ, որ պետության պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում։ Հիմնավորումը նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գները աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով»:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում հայտարարեց, թե առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը և ներկայացնել նոր լրամշակված նախագիծ, ինչին հիմնական զեկուցողը չի համաձայնել և այս նախագիծը այս տեսքով ստացել է բացասական եզրակացություն։