Հասարակություն

Միայն Երևանում գործում է 20-ից ավելի «ակտիվ» գրպանահատ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոչ պաշտոնական տվյալներով միայն մայրաքաղաքում գործում է 20-ից ավելի «ակտիվ» գրպանահատ:

Ոստիկանները 2020 թվականին բացահայտել են գրպանահատության 43 դեպք։ Բացի այդ, հայտնաբերել են 2 հետախուզվողի, ապօրինի պահվող երեք միավոր հրազեն, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 85 դեպք, որից 3-ը՝ իրացման։

Ոստիկանությունն իրազեկում է, որ գրպանահատները գործում են հիմնականում երկու-երեք հոգով և իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում են առավելապես երթուղայիններում. «Մեկը կամ երկուսը շեղում են տուժողի ուշադրությունը, այդ ժամանակ էլ մյուսը գողանում է նրա դրամապանակը։ Կամ էլ արհեստական հրմշտոց են ստեղծում և այդ ժամանակ էլ դրամապանակ գողանում։ Քիչ չեն դեպքերը, երբ տուժողը չի դիմում ոստիկանություն, ոստիկաններն են օպերատիվ աշխատանքով պարզում, որ այսինչ երթուղայինում կամ այսինչ տոնավաճառում գրպանահատություն է եղել։ Գրպանահատը հայտնաբերվում է, գողոնը հիմնականում՝ ոչ. դրամապանակում եղածը՝ փող, բանկային քարտեր, վերցնում են ու դրամապանակից ազատվում»։

Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ նախկինում եթե տուժողը չէր բողոքում, քրեական գործ չէր հարուցվում։ Այժմ գրպանահատությունը դասվում է հանրային հետապնդման հանցագործությունների թվին։ Այսինքն, քրեական գործ հարուցվում է՝ անկախ տուժողի բողոքից։