Ադրբեջանական ծագմամբ ռուսական միլիարդատեր Վագիտ Ալեքպերովը պատժամիջոցների պատճառով ստիպված է եղել վաճառել իր հոլանդական նավաշինարանը, որտեղ կառուցվել են նրա երկու սուպերզբոսանավերը։ Թե ինչ պայմաններով է նավաշինարանը, որը 2008 թվականին ռուս նավթագործարարը գնել էր 100 մլն եվրոյով, փոխանցվել է անկախ հիմնադրամին, դեռ հայտնի չէ։
Lukoil-ի համահիմնադիր Վագիտ Ալեքպերովը Heesen Yachts նավաշինարանի բաժնետոմսերը փոխանցել է անկախ հոլանդական հիմնադրամին։ Ինչպես հաղորդվում է նավաշինարանի պաշտոնական կայքում, մայիսի 18-ից ընկերությունը կրկին ամբողջությամբ պատկանում է հոլանդացիներին։
Heesen-ը պատկանում էր Verona Trust-ի մաս հանդիսացող կիպրական Morcell Ltd հոլդինգին, որն Ալեքպերովինն է։
Heesen Yachts-ը կառուցվել է 1978 թվականին։ Ալեքպերովը հիմնադիր Ֆրանս Հեյսենից նավաշինարանը գնել է 2008 թվականին՝ 100 միլիոն եվրոյով: Նավաշինարանն առաջինն է Նիդերլանդներում, որն զբոսանավերի կորպուսների համար օգտագործել է ալյումինե խառնուրդ: Heesen-ը կառուցում է 30-70 մ երկարությամբ նավեր՝ տարեկան թողարկելով 3-4 զբոսանավ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Մեծ Բրիտանիան ընդլայնեց պատժամիջոցների ցուցակը և ավելացրեց ևս ռուսաստանյան 206 գործարարի և քաղաքական գործչի, այդ թվում՝ Վագիտ Ալեքպերովին։ Դրանից հետո Ալեքպերովն ինքը հրաժարական տվեց «Լուկօյլ»-ի նախագահի պաշտոնից, սակայն ասաց, որ կմնա Ռուսաստանում և կշարունակի բարեգործություն անել։