Ֆոնդային շուկայի անկումը բաժնետոմսերի արագ և, հաճախ, չսպասված գնանկումն է: Այն կարող է լինել խոշոր աղետալի իրադարձության, տնտեսական ճգնաժամի կամ երկարաժամկետ «սպեկուլյատիվ փուչիկի» պայթելու անցանկալի հետևանք: Ֆոնդային շուկայի անկման հետ կապված հասարակական խուճապը կարող է մեծապես նպաստել ստեղծված անկմանը՝ առաջացնելով խուճապային վաճառք, որն էլ ավելի է իջեցնում գները: Ֆոնդային շուկայի հայտնի անկումներից են 1929թ․ Մեծ դեպրեսիայի, 1987թ․ Սև երկուշաբթիի, 2001թ․ dotcom փուչիկի պայթելու, 2008թ․ ֆինանսական ճգնաժամի և 2020թ․ COVID-19 համաճարակի դեպքերը:
Ինչպե՞ս հասկանալ ֆոնդային շուկայի անկումը
Ֆոնդային շուկայի անկումը տարբերակելու համար հատուկ շեմ չկա, դրանք, սովորաբար, համարվում են մի քանի օրվա ընթացքում ֆոնդային ինդեքսի կտրուկ երկնիշ տոկոսային անկումները: Ֆոնդային շուկայի անկումները հաճախ էական ազդեցություն են թողնում տնտեսության վրա: Գների հանկարծակի անկումից հետո բաժնետոմսեր վաճառելը և անորոշ իրավիճակում գտնվող բաժնետոմսեր գնելը շուկայի անկման ժամանակ փող կորցնելու ամենատարածված ուղիներից երկուսն են:
Ֆոնդային շուկայի անկման կանխարգելում
1929-ի և 1987-ի անկումներից ի վեր կիրառվել են մեխանիզմներ, որպեսզի կանխվեն խուճապի մատնված բաժնետերերի կողմից ակտիվներ վաճառելու արդյունքում առաջացած անկումները։ Նման երաշխիքները ներառում են «առևտրի կանգառները» կամ «արգելակիչները», որոնք կանխում են որևէ առևտրային գործունեություն՝ բաժնետոմսերի գների կտրուկ անկումից հետո, շուկան կայունացնելու և դրա հետագա անկումը կանխելու նպատակով: Օրինակ, Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE) ունի մի շարք շեմեր՝ անկումներից պաշտպանվելու համար: Դրանք նախատեսում են բոլոր բաժնետոմսերի առևտրի դադարեցում՝ օպցիոնների շուկաներում շուկայի կտրուկ անկման ժամանակ, որը չափվում է S&P 500 ինդեքսի մեկօրյա անկմամբ: S&P 500 ինդեքսն արժեթղթերի շուկա է, որը մոնիտորինգի է ենթարկում ԱՄՆ բորսայում գրանցված 500 մեծ ընկերությունների գործունեությունը։
- Ամբողջ շուկայի առևտրի դադարեցումը կարող է առաջանալ, եթե S&P 500 ինդեքսը գնի անկում է ապրում՝ համեմատած այդ ինդեքսի նախորդ օրվա ավարտի գնի հետ:
- Արգելակիչների գործարկան շեմերը շուկաների կողմից սահմանել են երեք շեմերով՝ 7% (մակարդակ 1), 13% մՄակարդակ 2) և 20% (մակարդակ 3):
- Նյու Յորքի ժամանակով 09:30-15:25 շուկայական անկումը կգործարկի 1-ին կամ 2-րդ մակարդակի ավտոմատ արգելակիչը և կդադարեցնի շուկայական առևտուրը 15 րոպեով: Մինչդեռ, եթե շուկայի նմանատիպ անկում տեղի ունենա 15:25-ին կամ դրանից հետո, շուկայական առևտուրը չի դադարեցվի:
- Շուկայական անկումը, որը գործարկում է 3-րդ մակարդակի արգելակիչը, առևտրային օրվա ցանկացած պահի կդադարեցնի առևտուրը՝ օրվա մնացած մասի համար:
Անկման պաշտպանություն
Շուկաները կարող են կայունացվել նաև խոշոր կազմակերպությունների կողմից, որոնք գնում են հսկայական քանակությամբ բաժնետոմսեր՝ օրինակ հանդիսանալով առանձին անհատների համար և զսպելով խուճապային վաճառքը: Հայտնի օրինակներից է 1907 թվականի խուճապը։ Նյու Յորքում բաժնետոմսերի 50%-ով անկումը առաջացրեց ֆինանսական խուճապ, որը սպառնում էր կործանել ֆինանսական համակարգը: Հայտնի ֆինանսիստ ու ներդրող Մորգանը համոզեց Նյու Յորքի բանկիրներին՝ ներգրավել, օգտագործել իրենց անձնական և ինստիտուցիոնալ կապիտալը՝ շուկաները բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, այս մեթոդը միշտ չէ, որ արդյունավետ և ապացուցված է: