Ֆինանսներ

Ռուս միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը կգնի Ֆրանսիական Societe Generale-ի ռուսաստանյան բանկը

Ֆրանսիական Societe Generale ֆինանսական խումբը որոշել է վաճառել ռուսաստանյան իր «Ռոսբանկ»-ը Վլադիմիր Պոտանինի Interros-ին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ «Ռոսբանկ»-ի  վաճառքը կապված է Societe Generale-ի՝ Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու որոշման հետ։ 

Գործարքի մանրամասներին ծանոթ RBC-ի աղբյուրի համաձայն՝ «Ռոսբանկ»-ից  Societe Generale-ի դուրս գալը ընթացել է արտասահմանյան ընկերությունների հեռանալու «քաղաքակիրթ սխեմայով», որի մասին ավելի վաղ խոսել էր Պոտանինը. «Բիզնեսը ստանում է նոր ռուսաստանյան սեփականատեր՝ պահպանելով կայունությունը, աշխատատեղերը եւ զարգացման համար հնարավորությունները»։

«Ռոսբանկ»-ը Ռուսաստանում ունի 4 միլիոն հաճախորդ, 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ այն զբաղեցնում էր 9-րդ տեղը Ռուսաստանի Բանկի (ԿԲ) համակարգային նշանակալից վարկային հաստատությունների ցանկում:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «20 ամենահարուստ ռուսաստանցիների» օրերս հրապարակված վարկանիշում Վլադիմիր Պոտանինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ $17,3 միլիարդ կարողությամբ։ Մեկ տարում նրա կարողությունը կրճատվել է $9,7 միլիարդով։ Պոտանինին է պատկանում խոշորագույն «Նորիլսկի նիկել»-ի բաժնետոմսերի գրեթե 36%-ը։

Նշենք, որ դեռեւս մարտի 17-ին Ֆրանսիական ֆինանսական խմբի ղեկավար Ֆրեդրիկ Ուդեան հայտարարել էր, որ Societe Generale-ը (SocGen) պատրաստ է պահպանել բիզնեսը Ռուսաստանում։  Նա նշել էր, որ դուստր «Ռոսբանկ»-ը կառավարվում է ինքնուրույն հիմունքներով եւ, ընդհանուր առմամբ, ձգտում է նվազեցնել իր ռիսկերը։