Ֆինանսներ

S&P-ն իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը մինչև «CCC-»

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշն՝ արտարժույթով, «BB+»-ից հասցնելով մինչև «CCC-»։ Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը ազգային արժույթով իջեցվել է «CCC-»՝ «BBB-»-ից, արտարժույթով կարճաժամկետ վարկանիշը՝ «C»՝ «B»-ից, ազգային արժույթով՝ «C»՝ «A3»-ից:

«Վարկանիշերը շարունակում են վերանայվել բացասական կանխատեսմամբ», - նշում է S&P-ը։ Ֆինանսական փոխանցումների և փոխակերպման ռիսկի միավորը նույնպես իջեցվել է «CCC-»-ի՝ «BBB-»-ից: «Ռուսաստանի վարկանիշի իջեցումը հետևել է միջազգային պատժամիջոցներին, որոնք կարող են զգալիորեն մեծացնել երկրի ֆինանսական համակարգի դեֆոլտի ռիսկերը», - ​​ասվում է S&P Global Ratings-ի հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայում ռազմական հակամարտությունը պատճառ հանդիսացավ G7-ի երկրների կողմից պատժամիջոցների նոր փուլի ներդրմանը, այդ թվում՝ Ռուսաստանի ԿԲ-ի արժութային պահուստների հետ կապված»,- հայտնում են գործակալության փորձագետները։ Նրանց գնահատմամբ՝ դա բացասաբար կանդրադառնա ՌԴ ԿԲ-ի՝ որպես վերջին տարբերակի վարկատու ծառայելու կարողության վրա, ինչպես նաև՝ կխաթարի այն, ինչը մինչև վերջերս Ռուսաստանի վարկունակության հիմքն էր՝ նրա արտարժույթի դիրքը: