Ժամանց

Ռիդլի Սքոթի նոր «Նապոլեոնը». ի՞նչ գիտենք ու ի՞նչ սպասել

Ռիդլի Սքոթի նոր՝ «Նապոլեոն» ֆիլմը 2 ժ 38 ր տևող կենսագրական, պատմական, բայց զուգահեռ նաև՝ տրագիկոմեդիա է անհատի էգոյի մասին։ «Նապոլեոն» ֆիլմը միջին վիճակագրական պատմական կինոնկար չէ։ 

Ֆիլմի սկզբում տեսնում ենք 24-ամյա երիտասարդի՝ ցնցոտիավոր մայոր Բոնապարտին, որը ղեկավարում է Տուլոն նավահանգստային քաղաքի պաշտպանությունը բրիտանական զորքերի պաշարումից: Նապոլեոնը Տուլոնի պաշտպանության ժամանակ սարսափած նետվում է կռվի մեջ, նա ակնհայտորեն վախենում է, նույնիսկ շնչակտուր է: 

Ֆիլմի մնացած հատվածներում Նապոլեոնի կյանքն ու գործունեությունը ավելի քան պարզ են: Նա իշխանություն է վերցնում հեծելազորի օգնությամբ, հեղաշրջում իրականացնում եղբոր զորքերի աջակցությամբ, ահռելի բանակներ ուղարկում Եվրոպա՝ առանց նվազագույն ռիսկի ու ռեսուրսների։ 

Ֆիլմում «Նապոլեոն»-ի քաղաքական ինքնագիտակցությունը սկսվում է Ֆրանսիայի կայսրուհի Մարի Անտուանետի գլխատման տեսարանով, հեղափոխությամբ և ավարտվում Սուրբ Հեղինեում աքսորով։ 

Ֆիլմի սցենարի հիմնական ողնաշարը ոչ մարտերն են, ոչ պատերազմները, ոչ պետությունը, այլ Նապոլեոնի և Ժոզեֆինայի սերն ու հարաբերությունները։ 

Ժոզեֆինան ֆիլմում ամենուր է, անընդհատ նամակներ է ուղարկում ռազմաճակատ, բայց Նապոլեոնը երբեք չի գտնում հավասարակշռություն՝ հակադրելով ռազմական հաղթանակներն ու անձնական կյանքը: Ֆիլմը, վստահաբար, «մաքուր» պատմության և վավերագրական կինոյի սիրահարների համար չէ։ Այն սիրո, փառքի, անհատի մեծության ու վախերի, հաղթանակի ու կորուստների մասին է։