Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայություն կունենա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի Megaron համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի Ռոյ Թոմսոն հոլլում, նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի Սիմֆոնիկ հոլլում: Ծրագրում ընդգրկված է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ ‹‹Սպարտակ›› բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:

Համերգների մենակատարներն են համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Նոյեմբերի 21-ին Բոստոնի Սիմֆոնիկ Հոլլում կայանալիք համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով: