Մշակույթ

«Հոգու հայելի»․ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է անվանի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որ կրում է «Հոգու հայելի» խորագիրը։ Այն ներկայացնում է արվեստագետի գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ ՀԱՊ–ի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:

Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում նկարչին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նա փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել:

Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում՝ ձևավորելով յուրօրինակ պատկերային մտածողություն:

«Ինչո՞ւ է այս ցուցադրությունը հատկապես կարևոր, և ինչու մեր աշնանային ցուցադրությունների ընթացքը սկսեցինք հենց Հակոբ Հակոբյանով..․ Մինչև որոշում կայացնելը՝ մենք բավական երկմտել ենք, անգամ հետաձգել ենք ցուցադրությունը՝ ընդհանուր իրավիճակից ելնելով, բայց քննարկելով՝ ի վերջո հասկացանք, որ մշակույթն ու արվեստը հենց այն կարևորագույն լծակն են, որի միջոցով կարող ենք զարթոնք ապրել, վեր կանգնել, հաղթանակ տանել ու պայքարել»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ուշադրություն դարձնելով այն հանգամանքին,ո ր որպես ցուցադրության գլխավոր նկար ընտրվել է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» աշխատանքը, պատկերասրահի տնօրենը հավելեց, որ այն այսօր էլ արդիական է, խորհրդանշում է մարդու և բնության փոխհարաբերությունները։