Երևան

Երևանում էներգախնայող, բազմաֆունկցիոնալ նոր շենքային համալիր է կառուցվելու

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր.

«Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ:

Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի:

Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ: Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը:

Տեղեկատվությունը, թե երեկ առավոտյան ոստիկանների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք, չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»։