Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ն այսօր նշում է գահակալության 70 (պլատինե) ամյակը: Նա թագուհի է դարձել 1952 թվականի փետրվարի 6-ին՝ իր հոր Գեորգ VI արքայի մահից հետո։ Եղիսաբեթ 2-րդ թագուհին այս տարի դառնում է 96 տարեկան և կլինի բրիտանացի առաջին միապետը, ով կնշի պլատինե հոբելյանը։ Քանի որ փետրվարին Բրիտանիայում եղանակը սովորաբար բարենպաստ չէ, տոնակատարությունները տեղափոխվում են ամառ։ Բրիտանացի միապետների պաշտոնական ծննդյան տոները նույնպես նշվում են ամռանը, անկախ նրանից, թե իրականում երբ են նրանք ծնվել։ Որպես Platinum Anniversary-ի մի մաս, ողջ երկրում կլինեն տոնակատարություններ ամբողջ տարվա ընթացքում, որոնք կավարտվեն հունիսի 2-ից 5-ը երկարաձգված Հոբելյանական շաբաթով: Այս տարի Սանդրինգհեմ պալատի և Շոտլանդիայի Բալմորալի թագավորական նստավայրերը բաց կլինեն հանրության համար, իսկ թագուհու պատվին փարոսներ կվառվեն ողջ երկրում։
Թագուհուն շնորհավորել է նաև Բորիս Ջոնսոնը. «Այսօր իսկապես պատմական պահ է։ Նորին Մեծություն թագուհին կլինի բրիտանացի առաջին միապետը, ով կնշի պլատինե հոբելյանը։ Իր 70-ամյա կառավարման ընթացքում նա դրսևորել է ոգեշնչող պարտքի զգացում և անմնացորդ նվիրվածություն ազգին։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան երկար տարիների ծառայության համար և անհամբեր սպասում եմ ամռանը, երբ միասին որպես երկիր մենք կարող ենք տոնել նրա պատմական թագավորությունը»,- որը դարձել է Մեծ Բրիտանիայի 14-րդ վարչապետը այն բանից հետո, երբ Եղիսաբեթ Երկրորդը հաջորդեց իր մահացած հորը՝ Գեորգ VI-ին (1895-1952)։
Իր կառավարման հոբելյանի առթիվ Եղիսաբեթ Երկրորդը հատուկ ուղերձ է հրապարակել՝ ի նշան երախտագիտության։ Թագուհին իր ուղերձում խոսել է գահաժառանգության խնդրի մասին՝ հայտարարելով, որ իրենից հետո թագավոր պետք է լինի արքայազն Չարլզը։ Թագուհին միաժամանակ արտառոց հայտարարություն է արել՝ ցանկություն հայտնելով, որ այդ ժամանակ Չարլզի կինը՝ Կամիլան, ստանա նույն սոցիալական կարգավիճակը, ինչ վայել է թագուհուն. «Ես գիտեմ, որ երբ ժամանակը գա, և իմ որդի Չարլզը թագավոր դառնա, դուք կաջակցեք նրան և նրա կնոջը՝ Կամիլային։ Ես նաև անկեղծորեն ցանկանում եմ, որ երբ ժամանակը գա, Կամիլան, որը շարունակելու է իր հավատարիմ ծառայությունը, կոչվի թագուհի-կոնսորտ»։ Իր ուղերձը Թագուհին ավարտել է «Ձեր ծառա, Եղիսաբեթ» մակագրությամբ։
Ըստ կարգի և ժամանակին կայացած համաձայնության՝ Կամիլան չէր կարող թագուհու կարգավիճակ ձեռք բերել, սակայն Եղիսաբեթ Երկրորդի ցանկությամբ այդ որոշումը կարող է փոխվել։ Թագուհի-կոնսորտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ Կամիլան բոլոր իրավունքները կունենա գահաժառանգության համար։ Նկատենք, որ Եղիսաբեթի ցանկությունը Միացյալ Թագավորությունում լայն քննարկումների ու բանավեճերի տեղիք է տվել։