Հայաստան

Սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին. Միշել

Երեկ՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ: 

«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննակեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:

«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - հավելել է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է` կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: