Քաղաքական

Քոչարյանի պաշտպանը միջնորդել է դիմել ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կաշառք ստանալու գործով այսօրվա հերթական նիստի ժամանակ միջնորդել են դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը՝ մինչև ՍԴ որոշումը։

Ըստ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ միջնորդության հիմքն օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարության օրենսգիրքը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, և, միաժամանակ, նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Ըստ Ալումյանի՝ սա հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքին։

Քոչարյանն էլ հայտարարեց, թե իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է դրա մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի։

Միջնորդությանը միացավ նաև գործով մյուս ամբաստանյալի՝ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է՝ նշելով, որ օրենքում բաց չկա, դատարանը ամբաստանյալին օրենքով պարզաբանում է մեղադրանքի էությունը, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման: 

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 1-ին: