Քաղաքական

Հանձնաժողովը մերժեց «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հայտարարության տեսքով արձագանքել այդ հռչակագրին և այդ նպատակով փետրվարի 23-ին նախաձեռնել նաև ԱԺ արտահերթ նիստ։

Իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները, սակայն, նշեցին, որ առանձին հայտարարության անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն երկու անգամ հայտարարություն է տարածել՝ այդ հռչակագրի հետ կապված, և դա իշխանության արտաքին քաղաքականության միասնական դիրքորոշումն է:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ «ԱԳՆ-ն հունիսի 15-ին և 17-ին արձագանքել է  նշված հռչակագրին: Եվ ՀՀ լիազորությունների շրջանակներում է՝ որոշում կայացնել, թե որ պահին, տարբեր մարտավարական նկատառումներից ելնելով և գնահատելով տվյալ պահին բխող բոլոր ռիսկերը և հնարավորությունները, այս կամ այն հայտարարությունն անել կամ չանել, հայտարարություն անել ԱԺ կողմից, թե որևէ այլ ձևաչափով: Դա ՀՀ որոշումն է»:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իսկ դեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: