Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն վերջերս հայտարարել էր, թե իրենք ցանկանում են ՀՀ և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումներն անցկացնել Անկարայում և Երևանում։ Նա ընդգծել էր՝ Անկարան նախընտրում է, որ այդուհետ կողմերն ուղիղ կապ հաստատեն, սակայն հայկական կողմը երրորդ երկիր է ընտրել։
ՀՀ ԱԳՆ-ից, մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունը, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպման վայրը որոշվել է երկուստեք ներկայացված առաջարկների շուրջ կողմերի քննարկումների արդյունքում»:
Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպումը ՀՀ-ում կամ Թուրքիայում անցկացնելու հավանականությանը, ԱԳՆ-ից պարզաբանել են՝ «Հատուկ ներկայացուցիչների միջև հաջորդ հանդիպման վայրի ընտրությունը և ժամանակացույցը նույնպես կհամաձայնեցվի կողմերի միջև՝ քննարկումներից հետո»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։