Սխալված չենք լինի՝ ասելով, որ տևական ժամանակ է՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները սկսվում ու ավարտվում են Ռուսաստանին ուղղված ռևերանսներով, անմնացորդ հավատարմության մասին «երդումներով»։ Բացառություն չէր նաև լրագրողների հետ նախկին նախագահի այսօրվա հանդիպումը։
Միակ տարբերությունը, թերևս, այն էր, որ այս անգամ նա որոշել էր հավատարմության «երդումները» հնչեցնել ուղիղ տեքստով՝ առավել քան բարձր «դոզայով»։
«Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ։ Միայն ՌԴ–ի հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը»,- այսօր հայտարարել է նա՝ անդրադառնալով նաև Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը ՀՀ-ի անդամագրվելու հեռանկարին, - «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում»։
Իսկապես, նախորդ ասուլիսի համեմատ «առաջընթաց» է գրանցվել. երբ հոկտեմբերի 4-ի ասուլիսում հարց հնչեց Միութենական պետության մասին, Քոչարյանը հստակ պատասխան չէր տվել՝ հայտարարելով, թե պետք է վերլուծել ու հասկանալ, թե մեր անկախությունը ինչքանով է վտանգված․ «Անվտանգության տեսանկյունից՝ իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»։
Հիմա արդեն Քոչարյանն ուղիղ է խոսում այդ մասին՝ ուղղակիորեն առաջարկելով մաս կազմել միութենական պետությանը և այլևս չխոսելով երկրի անկախության ու ինքնիշխանության մասին։ Եվ նման հայտարարություններ է անում մի անձ, որը 10 տարի զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը և, ըստ Սահմանադրության, պարտավոր էր պաշտպանել ու ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը։ Իր պատկերացրած վատագույն իսկ սցենարում՝ «շարքային ընդդիմադիր» դառնալու տարբերակում, Քոչարյանը կարծես մոռացել է ինքնիշխանության պահպանության իր երդման մասին։ Թե՞, այդուամենայնիվ, այդ երդման ուժը ավարտվել է, երբ նա դադարել է զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Իսկ գուցե՞ առանձնապես լուրջ չի վերաբերվել դրան հենց իր նախագահության շրջանում, ինչպիսի «անտարբերությամբ» վերաբերվում էր ժողովրդավարության, ազատ ու արդար ընտրությունների, մարդու հիմնարար իրավունքները հարգելու սահմանադրական նորմերին ու երդման բառերին։
Մյուս կողմից, սակայն, այս անգամ բավական համեստ էին Քոչարյանի «ներքաղաքական» հավակնությունները։ Նախ, Քոչարյանը հրապարակավ ընդունեց, որ «այո, ընդդիմության վարկանիշն ընկնում է», և «դեռ չի հասունացել այն վիճակը, որ մենք կարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել»։ Նա անգամ հայտարարեց, թե ակտիվ գործողություններ սկսելու դեպքում «չպետք է այդ շարժումը դիտվի ինչ-որ մեկին իշխանություն բերելու շարժում։ Պետք է բավարար զանգված, որ դուրս գա փողոց, և այդ փողոցը չպետք է լինի իմ մասին կամ որևէ մեկի մասին»։
Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ նա խոսում էր փողոցային պայքար ծավալելու և իշխանափոխության հասնելու մասին։ Իսկ նախընտրական փուլում, ընդհանրապես, խնդիր էր դրել «մինչև քոքը մաշեցնել»։
Արման Գալոյան