ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ԲԴԽ-ի՝ երեկ ՄԻՊ վերաբերյալ հայտարարությանը։
Թաթոյանը պնդել է, որ ՄԻՊ-ը երբեք չի խոսում առանց հիմքերի ու փաստերի. «Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա. եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը:
Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ Պաշտպանի հայտարարությունը միակողմանի է կամ անհիմն:
Իսկ եթե հարգարժան Բարձրագույն դատական խորհուրդը դա չի անելու կամ չունի վստահություն իր հայտարարությունների նկատմամբ, ապա պետք է միշտ հիշի, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երբեք չի խոսում առանց հիմքերի ու փաստերի:
Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարության բոլոր այն մասերը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են, ստուգված են ու հիմնված են փաստերի վրա: Մնացած մասերով Պաշտպանը հատուկ է հղում արել քննության անհրաժեշտությանը:
Վերջապես, Բարձրագույն դատական խորհուրդն ինքն է նշում, որ դատարան է հանդես եկել Բորիս Բախշիյանի գործով, և դա ճիշտ պնդում է ու դա ընդունում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ խոսքն օրենքի պահանջի մասին է:
Բա այդ դեպքում ինչպե՞ս էր Բարձրագույն դատական խորհուրդը պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպան պետք է իրենից պարզաբանումներ պահանջեր, երբ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքով դա արգելված է:
Բայց Բորիս Բախշիյանի գործով գլխավոր հարցն այլ տեղում է. այս գործը պարունակում է համակարգային վտանգներ. դատական բողոքարկման սահմանված ընթացակարգերը քրեական հետապնդման «մեքենայով» փոխարինելը և իրավապահ մարմինների համար այդ «մեքենայի դուռը բացելը»: Դա իր հերթին վտանգավոր է ոչ միայն դատական իշխանության անկախության, այլ նաև դատարաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:
Ըստ ՄԻՊ-ի՝ հատկապես մտահոգիչ էր տեսնել, թե ինչպես է Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարությանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված վիրավորական ձևակերպումներով արձագանքել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում իր լիազորությունները և պատասխանատվությունը. «Իր այս հեգնական գնահատականը հիմնավորելու համար պարոն Վարդանյանը քաղաքական մղումներով հրապարակային գանգատվել է, որ երբ իրենք խնդրում են պաշտպանել պաշտոնյաներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դա չի անում»:
Թաթոյանը նշել է, որ ցանկացած պարագայում, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկման վարույթը և պնդում է, որ տեղի է ունեցել նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքների կոպիտ ոտնահարում: