Քաղաքական

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը մեկնարկել է աշխատանքները

ԱԺ-ում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

Նիստի մեկնարկին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները վերահաստատեցին հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու իրենց որոշումը։ 

ՊՈՒ խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե «44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը, հանրության ներկայացումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի իշխանության»։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի. «Մենք հիմա լքում ենք դահլիճը, մենք ենք որոշում կայացնում մեզ համար, եթե, մարդ ես, մի օր նպատակահարմար համարենք՝ կարող է գանք, շարունակել մասնակցել»։

Ընդդիմադիր խմբակցությունների հեռանալուց հետո հանձնաժողովն անցավ իր աշխատանքներին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները ոչ միայն ԶՈՒ-ից։ Հանձնաժողովը հրավիրելու է նաև պաշտոնատար անձանց։ Հանձնաժողովի աշխատանքներին պարբերաբար մասնակցելու են նաև զոհվածների ծնողները. «Մասնակցելու են լավագույն փորձագետները՝ ոչ միայն Զինված ուժերի։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին Ռոբերտ Քոչարյանը չթողեց գան և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնիայի, ցանկացած փաստաթղթի ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է՝ ինչ տեսակի ընդդիմություն մենք ունենք»։