Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը, որ նախկինում իրականացնում էր ոստիկանությունը, այժմ անցել է համայնքին։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից մեկնաբանեցին՝ 2019թ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ լիազորությունը համայնքին է տրվել, քանի որ ոստիկանությունը հանդիսանում է վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմին, «ուստի հնարավոր չէ նույն մարմնի կողմից միաժամանակ և´ իրականացնել որևէ գործունեություն, և´ հսկողություն իրականացնել դրա նկատմամբ: Այսինքն, Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության թե´ կարգավորումը և թե´ կազմակերպումը օրենսդրությամբ վերապահված է քաղաքապետին»։
Քաղաքապետարանը դեռ չի սկսել գծանշումները, սակայն Radar Armenia-ին հավաստիացրին՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում արդեն գործի կանցնեն։ Իսկ ճանապարհային գծանշումները կիրականացվեն տարվա կտրվածքով 2 անգամ (գարուն-աշուն)՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, նաև՝ ըստ անհրաժեշտության։
Ճանապարհային գծանշումների համար կան հստակ չափանիշներ. ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Ջերմապլաստիկով, սառը պլաստիկով կամ նման այլ նյութերով կատարված գծանշումը պետք է ունենա մեկ տարվանից ոչ պակաս, իսկ լաքաներկանյութով կատարված գծանշումը` 6 ամսվանից ոչ պակաս գործառութային երկարակեցություն»։
Ըստ ոստիկանության՝ Երևանում գծանշման աշխատանքներն իրականացվել են այդ պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա՝ այս տարվա համար Երևանում ճանապարհային գծանշումների համար նախատեսված է տրամադրել շուրջ 435 մլն. դրամ։ Այսինքն, մոտ 30 մլն.-ով ավելի պակաս քան նախորդ տարիների։ 2021թ. ոստիկանությունն այս նպատակով ծախսել էր 466 մլն 770 հազար 847 դրամ: 2020թ. ճանապարհային գծանշումների համար ծախսվել է 466 մլն 360 հազար 484 դրամ, իսկ 2019թ՝ 474 մլն 995 հազար դրամ։
Ոսկեհատ Պողոսյան