Երևանում մի շարք երթուղիներ այսօր աշխատել են քիչ թվով մեքենաներով, ինչն էլ հարուցել է բնակիչների դժգոհությունը։
Radar Armenia-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ խոսքը 7 երթուղիների մասին է, որոնք պլանավորված են եղել ապրիլի 1-ից դուրս գալ և ապրիլի 3-ից փոխարինվել նոր ավտոբուսներով։ Սակայն, անհրաժեշտությունից ելնելով ու որոշ խնդիրներ մեղմելու համար, այսօր ևս հին երթուղներից որոշները շահագործվել են. «Նոր երթուղիների շահագործումը ևս մեկ օրով շուտ ենք սկսում։ Դրանց մի մասը մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ էին՝ գազելներ, որոնք ամսի 1-ից ֆիզիկապես պետք է դուրս գային շահագործումից և փոխարինվեին «Երևանի Ավտոբուս» ընկերության կողմից սպասարկվող երթուղիներով»։
Լրատվության վարչության փոխանցմամբ՝ այն հնարավոր դժվարությունները, որ այսօր կարող են առաջանալ, վաղվանից կմիջինացվեն։
Նոր երթուղիներից մի քանիսը կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով, մյուսները՝ փոքր տեղատարողության նոր ավտոբուսներով։