Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքի Սարյան պուրակում կանաչապատման և բարեկարգման աշխատանքների մասին հանձնարարականի դանդաղ ընթացքին:
Հակադարձելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի խոսքերին, թե այնտեղ հողի խնդիր կա, քաղաքապետը վստահեցրել է. «Սարյան պուրակում հողի խնդիր չկա: Մեկ տարի է՝ Սարյան պուրակը քնած վիճակում է, ոչ մի բան չի արվել այդտեղ: Այդտեղ ոչ մի տեղ չկա՞, որ կարող ենք բան տնկել: Այնպես եք ներկայացնում, որ գարունը բացվելու է, ինչ կա, Սարյան պուրակում չորացած է լինելու:
Հարգելիներս, եթե ես սկսեմ զբաղվել, ձեր անհրաժեշտությունը այլևս չի լինի: Տպավորություն է, որ շատ դետալային հարցերում ես եմ սկսում զբաղվել: Դուք ձեր տեղում եք, որ ձեր աշխատանքը դուք անեք»։