Երևան

Երևանի քաղաքապետարանը կփորձի կանխել գերեզմանատների ապօրինի ընդլայնումները

Երևանի քաղաքապետարանը կփորձի կանխել գերեզմանատների ապօրինի ընդլայնումները

Երևանի քաղաքապետարանը մի շարք փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման:

Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում:

Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Խնդիրը վերջերս քննարկվել է Երևան քաղաքի դատախազությունում: Մասնավորապես նախատեսվում է ստեղծվել ծառայություների մատուցման առցանց հարթակ, գումարները ևս կգանձվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես գործընթացը ոչ միայն ավելի թափանցիկ կդառնա, այլև քաղաքացիները կխնայեն ժամանակը:

Բացի այս, գերեզմանատներում կիրականացվեն չափագրումներ լիցենզավորված չափագրողների կողմից, կառանձնացվեն ազատ տարածքներն ու կհամարակալվեն:
Գերեզմանների արգելապատնեշներով սահմանազատում, տարածքների բարեկարգում, նոր գերեզմանի հիմնում. ոլորտի կարգավորման համար քաղաքային իշխանությունը մի շարք այլ նախաձեռնություններ ևս ունի, որոնք ըստ առաջնահերթության պետք է իրագործվեն:

 
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական