Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 8-ի առթիվ շնորհակալագրեր է հանձնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կին աշխատակիցներին:
Քաղաքապետը նշել է. «Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում:
Ըստ քաղաքապետի՝ «Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»:
Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: