Երևան

Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի

ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում, նախատեսվում է կառուցել ավտոբուսների նոր հավաքակայան։ 

Կառավարությունն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ առկա հավաքակայանների վիճակն ու պայմանները չեն բավարարում ո՛չ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, ո՛չ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ 

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի 12 հա տարածքում ունենալ բարձրորակ, էկոլոգիապես մաքուր հավաքակայան՝ 400 ավտոբուսի շահագործման համար: Այդ տարածքում կկառուցվեն նաև գազալիցքավորման, լվացման կայաններ, վարչական շենք, սպասարկման շինություն։ 

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է. «Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում, բացի նշված հարյուր ավտոբուսները, ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ»։ 

Նշենք, որ գործընթացների համար սահմանված գումարի չափը գնահատվել է մոտ 1,3 մլրդ դրամ։