Միջազգային

Ամեն ինչ կախված է ՌԴ-ից ու Ուկրաինայից. Ռուբիո

Ամեն ինչ կախված է ՌԴ-ից ու Ուկրաինայից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսա-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը կախված է բացառապես Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական կամքից։

«Վերջում ամեն ինչ կախված կլինի հենց նրանցից՝ Ռուսաստանից և Ուկրաինայից։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, այն կշարունակվի։ Մենք կփորձենք հասնել դրա ավարտին»,– ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարը ուկրաինական հակամարտությունը բնորոշել է որպես «ամենաանտրամաբանականը»՝ նշելով, որ «ավանդական իմաստով ոչ ոք չի հաղթում»։

Միաժամանակ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գործադրել ամեն ներուժ՝ կարգավորման հասնելու համար. «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա հաջողվի»,– նշել է նա՝ անդրադառնալով Վաշինգտոնի ջանքերին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուսումնասիրում է տարբեր լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել հակամարտող երկու կողմերի համար և փորձում է «մերձեցնել նրանց դիրքորոշումները»։

Ռուբիոն հավելել է, որ որոշակի առաջընթաց արդեն կա, բայց այն «դեռ բավարար չէ»։ «Մենք մոտեցել ենք, բայց դեռ չենք հասել նպատակին։ Հույս ունեմ՝ իրավիճակը կփոխվի»,– ասել է նա։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ նախկին վարչակազմի կողմից Ռուսաստանի հետ շփումների բացակայությունը «անտրամաբանական» էր։

«Մենք պետք է խոսենք երկու կողմի հետ։ Անցյալում կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե պետք է շփվել միայն ուկրաինական կողմի հետ, բայց ոչ ռուսականի։ Այժմ մենք փորձում ենք մերձեցնել դիրքորոշումները։ Դրա համար անհրաժեշտ է երկխոսություն երկու կողմի հետ էլ»,– նշել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ Մոսկվայում երեկ կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական