76 տարեկան հասակում մահացել է ռուս դերասան և հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Նիկոլաևը երկար ժամանակ պայքարում էր թոքերի ծանր հիվանդության դեմ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ հայտնի էր դարձել նրա հոսպիտալացման մասին։
Յուրի Նիկոլաևը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Քիշնևում։ Լեգենդար հեռուստահաղորդավարի ծնողները Հայրենական մեծ պատերազմի վետերաններ էին։ 1965 թվականին նա ավարտել է թիվ 4 դպրոցը (այժմ՝ Տիտու Մայորեսկուի անվան լիցեյում) և ընդունվել ԳԻՏԻՍ։ Հինգ տարի անց Նիկոլաևն ստացել է թատրոնի և կինոյի դերասանական վարպետության աստիճան։
1970-1975 թվականներին Նիկոլաևն աշխատել է Պուշկինի թատրոնում, իսկ 1973 թվականին սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում։ Նա ճանաչում է ձեռք բերել այնպիսի հեռուստատեսային ծրագրերի շնորհիվ, ինչպիսիք են «Утренняя почта», «Утренняя звезда», «Достояние республики», «В наше время» և «Честное слово»։ 1998 թվականին նրան շնորհվել էր Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում։