Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պաշտոնապես ասպետի կոչում է ստացել՝ ֆուտբոլին և բրիտանական հասարակությանը մատուցած ծառայությունների համար, հայտնում է BBC-ն։
50-ամյա Բեքհեմը, որը դեռ հուլիսին ընդգրկվել էր Չարլզ III-ի ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրվողների ցուցակում, նոյեմբերի 4-ին Բերքշիրում կայացած արարողության ընթացքում արքայի կողմից պաշտոնապես ստացել է կոչումը։
«Ես անչափ հպարտ եմ։ Բոլորը գիտեն, թե ինչպիսի հայրենասեր եմ՝ սիրում եմ իմ երկիրը։ Միշտ ասել եմ, որ միապետությունը մեր ընտանիքի համար շատ կարևոր է։ Ինձ վիճակվել է ճամփորդել աշխարհով մեկ, և ամենուր, որտեղ լինում եմ, մարդիկ ուզում են խոսել մեր միապետության մասին։ Ես հպարտ եմ դրանով»,- ասել է Բեքհեմը։
Բեքհեմը կարիերան ավարտել էր 2013 թվականին։ Նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ», ՊՍԺ, «Միլան» և «Լոս Անջելես Գելեքսի» ակումբներում՝ հաղթելով Անգլիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունները, ինչպես նաև դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ներկայում Բեքհեմը համասեփականատեր է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի, որտեղ հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին։
2003 թվականին Բեքհեմը, որն Անգլիայի հավաքականում անցկացրել է 115 խաղ և վեց տարի հանդիսացել է թիմի ավագը, պարգևատրվել էր Բրիտանական կայսրության շքանշանով՝ ֆուտբոլում ունեցած վաստակի համար։