Միջազգային

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պուտին

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կարևոր հայտարարություններ է արել «Բուրևեստնիկ» և «Պոսեյդոն» ռազմավարական համակարգերի մշակողների պարգևատրման արարողության ժամանակ։

Պուտինի խոսքով՝ «Բուրևեստնիկ» հրթիռն իր թռիչքի հեռահարությամբ գերազանցել է աշխարհում հայտնի բոլոր հրթիռային համակարգերին, և որ «Բուրևեստնիկի» և «Պոսեյդոնի» մշակումը պատմական նշանակություն ունի 21-րդ դարի համար։ 

Նրա խոսքով՝ ապագա միջուկային շարժիչով հրթիռները կլինեն նաև գերձայնային, դրանց տեխնոլոգիաները կօգնեն Լուսնի վրա նախատեսվող ռուսական կայանի ստեղծման գործում։ ՌԴ նախագահը նշել է, որ այս տարի «Սարմատ» հրթիռային համակարգը կտեղակայվի փորձարարա-մարտական հերթապահության, իսկ հաջորդ տարի՝ լիարժեք մարտական հերթապահության։

Պուտինի խոսքով՝ նոր սերնդի զինատեսակները ստեղծվում են «Բուրևեստնիկի» նման միջուկային շարժիչի հիման վրա, իսկ «Պոսեյդոնի» աշխատանքի նոր սկզբունքները խթանելու են տեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են կիրառվել նաև Արկտիկայի ծովային շելֆում։

Նա հավելել է, որ «Բուրևեստնիկի» փորձարկման գոտում հոկտեմբերի 21-ին գտնվել է ՆԱՏՕ-ի հետախուզական նավ, սակայն ռուսական զինված ուժերը չեն խոչընդոտել նրա աշխատանքը։ Պուտինը հավելել է, որ «Բուրևեստնիկում» և «Պոսեյդոնում» օգտագործվում են բացառապես ռուսական արտադրության նյութեր։

Նա շեշտել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, սակայն հետևողականորեն զարգացնում է իր միջուկային ներուժը։ Նա նաև նշել է, որ «Բուրևեստնիկի» և «Պոսեյդոնի» էլեկտրոնային բաղադրիչները հնարավոր է օգտագործել նոր համակարգիչների և կապի միջոցների ստեղծման գործում, իսկ փոքր չափերի միջուկային շարժիչները կարող են կիրառվել բարդ պայմաններում օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է բոլոր զինատեսակների զարգացման ծրագրերը՝ շնորհիվ ինժեներների և արտադրական աշխատողների աշխատանքի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական