Միջազգային

«Մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չեն լինի». Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն Իսպանիայի վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ ժամանակակից աշխարհը բախվում է դարակազմիկ փոփոխությունների, որոնք արագանում են՝ բերելով բազմաթիվ ռիսկեր և մարտահրավերներ։ Նրա խոսքով՝ միայն միասնության և համագործակցության միջոցով է հնարավոր պահպանել համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև խթանել գլոբալ զարգացումն ու բարգավաճումը։ 

Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը միշտ Եվրամիությունը համարել է բազմաբևեռ աշխարհի կարևոր բևեռ և բացահայտ աջակցում է ԵՄ-ի միասնությանը, զարգացմանն ու աճին։ Ըստ նրա, ներկայիս պայմաններում Չինաստանի և ԵՄ-ի՝ խաղաղության, աճի, բարեփոխումների և քաղաքակրթական գործընկերությունների համատեղ կառուցումը մեծ գործնական նշանակություն ունի։ 

Նրա խոսքով՝ մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չեն լինի, և աշխարհի դեմ գնալը նշանակում է ինքնամեկուսացում։ 

Ըստ նրա, անկախ արտաքին իրավիճակի փոփոխություններից՝ Չինաստանը կպահպանի վստահությունն ու կկենտրոնանա իր ներքին գործերի վրա։ Չինաստանը և ԵՄ-ն աշխարհի խոշորագույն տնտեսություններն են և տնտեսական գլոբալիզացիայի ու ազատ առևտրի վճռական կողմնակիցներ։