Միջազգային

Մուստաֆաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետերի հետ

Մոսկվայում կայացել են ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի բանակցությունները տրանսպորտային ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս մասին հաղորդում են ՌԴ կառավարությունից։

Ի կատարումն Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ քննարկվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման առաջնահերթ խնդիրները։ Բելոուսովը և Մուստաֆաևը հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղային մայրուղիներով բեռների կայուն փոխադրումների ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման հետաքրքրությունը:

Բանակցությունների արդյունքում հաստատվել է երկաթուղային փոխադրումների և «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվ–իրավական բազայի ստեղծման գործողությունների համատեղ ծրագիրը:

Ըստ հաղորդագրության՝ բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում:

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Մուստաֆևը հանդիպել է նաև ՌԴ մյուս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ և քննարկել առևտևատնտեսական հարցեր։