Վերլուծություն

Ասադը վերադառնում է արաբական ընտանիք. ի՞նչ սպասել փոփոխություններից

Սիրիան վերադառնում է արաբական պետությունների լիգա (ԱՊԼ)։ Այդ որոշումը կայացվել էր Կահիրեում՝ արաբական երկրների արտգործնախարարների համաժողովի ժամանակ։ Ավելին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կմասնակցի նաև մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք արաբական երկրների վեհաժողովին՝ անձամբ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ Սաուդի հրավերով։ Սիրիան արաբական երկրների լիգայից հեռացվել է 2011թ. զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք վերաճել էին քաղաքացիական պատերազմի և զինված հակամարտության: Իրավիճակը երկրում կայունացավ միայն Ռուսաստանի և Իրանի՝ Ասադի խնդրանքով միջամտությունից հետո։ Կարելի է որոշակի առումով պնդել, որ Սիրիայի վերադարձը Արաբական լիգա նշանակում է Դամասկոսի մեկուսացման տասնամյակի ավարտ, տարածաշրջանում Իրան-Սաուդյան Արաբիա ջերմացման անուղղակի արդյունք, և որ ամենակարևորն է, այն կարող է վկայել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության նվազման մասին, մանավանդ եթե հաշվի առնենք Չինաստանի գործոնը՝ որպես Իրան-Սաուդյան Արաբիա մերձեցման երաշխավորի։

Արաբական լիգան չեղյալ էր հայտարարել Սիրիայի անդամակցությունը 2011թ․ նոյեմբերին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհիմն բռնության մեղադրանքների պատրվակով։ Այդ պահին Սիրիայում մոլեգնում էին զանգվածային հակակառավարական ցույցերն ու բախումները, երկիրը քայլ առ քայլ ներքաշվում էր քաղաքացիական պատերազմի հորձանուտ, իսկ հետագայում արդեն գլուխ բարձրացրեց «Իսլամական պետություն» կազմավորումն, ու, որպես վերջին արար, Թուրքիան օկուպացրեց իրեն սահմանակից Սիրիայի տարածքների զգալի մասը։ Դամասկոսը դատապարտել էր արաբական լիգայի որոշումը՝ նշելով, որ այն բխում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների շահերից։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայի օրինական կառավարությունը կորցրեց վերահսկողությունը երկրի տարածքի որոշ մասի նկատմամբ, աակայն մի քանի տարի անց վերահաստատեց իր վերահսկողությունը զգալի հատվածների վրա՝ Ռուսաստանի ու Իրանի ուղղակի ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ՝ արդյունքում, իհարկե, դառնալով Իրանի ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի սատելիտը և ավելի խորացնելով կախվածությունը այդ երկրներից։ Ստացվեց, որ Ասադը վասալական կախվածության մեջ ընկավ Իրանից ու Ռուսաստանից՝ փոխարենը փորձելով պահպանել եղածը։

Սիրիայի վերադարձը արաբական լիգա ամենևին դյուրին գործընթաց չէ։ Դամասկոսը դեռևս տարաձայնություններ ունի Կատարի և մի շարք այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, Սիրիան ստացել է ԱՊԼ-ի անդամների ճնշող մեծամասնության աջակցությունը: Սիրիան ԱՊԼ վերադարձնելու որոշմանը նախորդեց Դամասկոսի և տարածաշրջանի երկրների դիվանագիտական մերձեցումը։ Այս տարվա սկզբից Սիրիայի ղեկավարությունը հանդիպումներ ունեցավ Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Լիբիայի և այլ պետությունների ներկայացուցիչների հետ։ Ապրիլի կեսերին Ասադը Դամասկոսում հանդիպեց Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ալ Սաուդի հետ։ Ավելի վաղ Ջիդդայում կայացել էր երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը։ Արդյունքում, Էր Ռիադն ու Դամասկոսը պայմանավորվել էին փախստականների վերադարձի, հարաբերությունների փուլային կարգավորման և հյուպատոսական ծառայությունների ու օդային հաղորդակցության վերականգնման շուրջ։

Ոչ պակաս կարևոր էր նաև տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի դիրքորոշումները, որոնց մոդերացիան Սիրիայի «վերադարձի» հարցով իրենց վրա էին վերցրել, համապատասխանաբար, Չինաստանն ու Ռուսաստանը։ Չինաստանը լրջագույն քայլ է կատարել՝ դառնալով տարածաշրջանի նոր խաղացող, հաշտեցնելով Իրանին ու Սաուդյան Արաբիային, դադարեցնելով քաղաքացիական պատերազմը Եմենում, իսկ ՌԴ նախագահ Պուտինն, իր հերթին, «հորդորել» էր Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ասադի հարցով, վերջերս Մոսկվայում կազմակերպելով նաև քառակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Սիրիա ԱԳ նախարարների խորհրդաժողովը։

Ինչ էլ լինի իրերի հետագա ընթացքը, կարելի է փաստել, որ Սիրիան դուրս է գալիս տարածաշրջանային մեկուսացումից՝ շնորհիվ Ռուսաստանի, Իրանի և, որոշ չափով, Չինաստանի աջակցության։ Միաժամանակ, ԱՄՆ-ի՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացումը ազատ խաղի տեղ թողեց Սիրիային։ Ուկրաինական պատերազմի ֆոնին ԱՄՆ և նրա մերձավոր դաշնակիցների ռեսուրսներն ուղղվել են ուկրաինական ճակատում Ռուսաստանին հաղթելու, իսկ Թայվանի հարցում՝ Չինաստանին զսպելու քաղաքականության վրա։ Արդյունքում, Վաշինգտոնը որոշակի վակուում է առաջացրել Մերձավոր Արևելքում, «չի խանգարել» Չինաստանի «մուտքին» տարածաշրջան և, որպես անուղղակի հետևանք, չի կարողացել խոչընդոտել Սիրիայի վերադարձը արաբական լիգա։

Հետագա ընթացքը արդեն, մի կողմից, ռուս-իրանա-թուրքական, Չինաստան-Իրան-Սաուդյան Արաբիա և Սիրիա-Արաբական լիգա հարաբերությունների տիրույթում է, բայց փաստ է, որ տարածաշրջանում նոր ստատուս քվո է ձևավորվում, և Սիրիան կրկին առանցքային կարևորություն է ստանում խոշոր խաղացողների համար։