Միջազգային

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասին համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Բուլղարիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Նոյեմբերի սկզբին Բուլղարիայի խորհրդարանը հավանություն էր տվել Ուկրաինային զենք մատակարարելու նախագծին։ Որոշման նախագծում, որն ընդունվել է Արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստում, ասվում է, որ Բուլղարիան պետք է մեկ ամսվա ընթացքում պատրաստի Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ։

Բացի այդ, երկրի իշխանություններին հանձնարարվել էր համաձայնագիր պատրաստել Կիևի հետ, որը պետք է վավերացվեր խորհրդարանի կողմից։ 

Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է նաև կառավարության կողմից պատրաստված զենքի գաղտնի ցանկը, որը կուղարկվի Ուկրաինա։ 

Հրապարակման համաձայն՝ առաջարկվող ցուցակին կողմ է քվեարկել 148, դեմ՝ 46, ձեռնպահ՝ մեկը։ Թեև Կիևին ռազմական օգնության փաթեթի ցանկը գաղտնի է, սակայն դեկտեմբերի սկզբին Բուլղարիայի հեռագրական գործակալությունը (BTA), վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարար Նիկոլա Ստոյանովին, հայտնել էր, որ Սոֆիան Ուկրաինային կմատակարարի զենք և զինամթերք: