«Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց։ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի համարժեք կարգավիճակը Լաչինի միջանցքին»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորությանը։ «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպման. նման հանդիպում եղել է Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց կոնկրետ ժամկետների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասել է Չավուշօղլուն։