ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները մտադիր են Իրանի դեմ պատժամիջոցներ հաստատել՝ երկրում բռնաճնշումների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպման սկզբում։ «Իրանում կանանց աջակցելու համար սեղանին դրված է պատժամիջոցների փաթեթ, ես վստահ եմ, որ դրանք կընդունվեն»,- ասել է նա։
Բորելն ընդգծել է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են միայն ռեպրեսիաներին, դրանք կապ չունեն Ռուսաստանի և Իրանի կողմից Մոսկվային անօդաչու սարքեր մատակարարելու մասին լուրերի հետ։
Իրանում ընդվզումներ սկսվեցին 22-ամյա քրդուհի Մահսա Ամինիի մահվանից հետո։ Ըստ պաշտոնական վարկածի՝ աղջկան բերման է ենթարկել ոստիկանությունը՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված էր ստացել, որից էլ մահացել էր։